Ինչպես են կանայք և տղամարդիկ վերաբերվում փողին
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Բազմաթիվ գործոններից է կախված այն, թե ինչպես են մարդիկ վերաբերվում փողին, այս հարցում մեծ դեր է խաղում մասնագիտությունը, աշխատանքը, ընտանեկան կարգավիճակը և ընտանիքում զբաղեցրած դիրքը, եկամուտների և ծախսերի մակարդակը, ինչպես նաև սեռը:
Տղամարդիկ և կանայք տարբեր են իրենց բնույթով, և բնական է, որ տարբերվում են նաև ֆինանսների հարցում: Մեր` դինամիկ փոխվող աշխարհում արդեն հիմնովին ողողվել են փողի հետ շփման ավանդական մոդելները, երբ տղամարդն ընտանիքում միակ փող վաստակողն էր, իսկ կինն` ընտանեկան օջախի պահապանը։
Այսօր չկա ընտանեկան պարտականությունների հստակ սահմանում, ինչպես նախկինում էր, իսկ ժամանակակից հայ կանայք ֆինանսապես ավելի անկախ են: 90-ականների կատակլիզմներն անհետք չեն անցել: Երկրաշարժը, պատերազմը, բազմաթիվ ճգնաժամերը, փող վաստակելու նպատակով երկրից տղամարդկանց զանգվածային արտահոսքը հանգեցրեցին նրան, որ հայ կինն իր վրա վերցրեց ընտանեկան ողջ բեռը և բազմաթիվ ընտանիքներում կինը դարձավ «հաց վաստակող»։
Բազմաթիվ կանայք ընտանիքը պահելու համար սկսեցին բիզնեսով զբաղվել: Բնական է, որ այդ ամենը հանգեցրեց ֆինանսների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության: Ներկայումս հայ հասարակությունում գոյություն ունեն ընտանեկան բյուջեի կառավարման բազմաթիվ մոդելներ, այդուհանդերձ կան փողերի հետ վարվելու որոշակի հիմնարար տարբերակներ, որոնք կիրառում է երկրի բնակչության զգալի մասը: «՚Նովոստի-Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում հոգեբանների և ֆինանսիստների կողմից բացահայտված որոշակի օրինաչափություններ` կապված այն հանգամանքի հետ, թե ինչպես են կանայք և տղամարդիկ վարվում ֆինանսների հետ։
1. Կանայք կարող են երկար ժամանակ փող կուտակել տան համար խոշոր գնում կատարելու նպատակով: Նրանք միջոցներ չեն խնայում իրենց տանը հարմարավետության և կոմֆորտ ստեղծելու, որակյալ սննդի, գեղեցիկ հագուստի, լավ հանգիստ կազմակերպելու համար:

Տղամարդկանց համար առաջնային է բիզնեսի զարգացումն ու կարողության բազմապատկումը: Նրանց համար շատ կարևոր են գնումները, որոնք կընդգծեն իրենք կարգավիճակը՝ թանկարժեք ավտոմեքենա, տարբեր տեխնիկական նորույթներ և աքսեսուարներ, ինչպես նաև բանկային հաշիվ:
Ի դեպ, եթե կինն ունի իր սեփական բիզնեսը, նա տղամարդու նման նույնպես ոչ քիչ գումար և ուշադրություն է հատկացնում դրա զարգացմանը, և այդ հարցում ֆինանսներին վերաբերվում է տղամարդու պես:
2. Կանայք շատ զգույշ են փողերի ներդրման հարցում և չցանկանալով ռիսկի գնալ` հաճախ ստանում են ավելի փոքր, սակայն կայուն եկամուտ՝ հաջողությամբ ընտրելով ներդրումային օբյեկտ: Ամուսնացած կանայք սովորել են ֆինանսական հարցերում հույսը դնել ամուսինների վրա և չմտածել ապագայի մասին: Նման կախվածությունը տղամարդուց կարող է հանգեցնել նրան, որ գումար վաստակողին կորցնելու դեպքում կանայք երեխաների հետ մնում են առանց ապրուստի միջոցի: Միաժամանակ կինը կարող է լինել շատ տնտեսող և պրակտիկ ծախսերի հարցում, սակայն դա այն դեպքում, եթե միայն նա է պատասխանատու ընտանիքի խնամքի համար:

Տղամարդիկ ավելի հակված են ռիսկի, ինչի արդյունքում կարող են ավելի մեծ եկամուտ ստանալ, սակայն կարող են նաև կորցնել բոլոր ներդրումները:
3. Կանայք իրենց վաստակած գումարն ընկալում են շատ առարկայական և պրակտիկ։ Նրանց համար փողը հավասարազոր է ցանկալի իրերի որոշակի հավաքածուին։

Տղամարդիկ փողն ընկալում են որպես գործիք մրցակիցների հետ համեմատվելու համար «ով է ավելի զիլ» սկզբունքով։
4. Գործատուի հետ բանակցություններում կանայք սովորաբար նվազեցնում են ցանկալի աշխատավարձը։ Նրանք կարծում են, որ ղեկավարն ինքը պետք է ըստ արժանվույն գնահատի իրենց աշխատանքը։

Տղամարդիկ, հակառակը, որպես կանոն, կանանց համեմատ 30-40%–ով ավելի բարձր են նշում ակնկալվող աշխատավարձը, և դա հավասար ունակությունների դեպքում։
5. Կինը, որի ամուսինն ընտանիքում տնօրինում է ֆինանսները և ժամանակ առ ժամանակ նրան գումար է տալիս ընտանեկան ծախսերի համար, իրեն նեղացած է զգում։ Նման կնոջ մոտ ժամանակի ընթացքում կուտակվում է դժգոհության զգացում։ Նա չի կարողանում ռացիոնալ կերպով ծախսել այդ միջոցները` իրեն թույլ տալով չմտածված գնումներ։

Իսկ եթե ամուսինը կնոջն է տալիս վաստակած գումար` իրեն թողնելով միայն գրպանի ծախսի համար անհրաժեշտ գումար, ապա կինն ավելի պատասխանատու է մոտենում ընտանեկան ծախսերին, ավելորդ ծախսեր թույլ չի տալիս և խորհրդակցում է ամուսնու հետ այս կամ այն գնում կատարելիս։
6. Եթե ընտանիքում հիմնական գումարը վաստակում է կինը, ապա հսկայական ծանրաբեռնվածության պատճառով նա կարող է ենթարկվել պոռթկումների, ինչի հետևանքով կարող է խոշոր գումար ծախսել։

Հոգնածության պատճառով նման պոռթկումների կարող են ենթարկվել նաև տղամարդիկ` կասկածելի հաճույքներ, թանկարժեք ռեստորաններ, ճամփորդություններ և այլն։
7. Շատ է տարբերվում նաև տղամարդկանց և կանանց վերաբերմունքն անսպասելի եկամուտների նկատմամբ։ Կինն ամենայն հավանականությամբ կկազմակերպի ընտանեկան տոն կամ նվերներ կգնի մտերիմների համար։

Տղամարդն ամենայն հավանականությամբ կծախսի այդ գումարը ներդրումների վրա, ընդ որում ոչ միշտ հաջող։
8. Կանայք տղամարդկանցից ավելի քիչ են լավատես և հակված են չափազանցնել ֆինանսական սպառնալիքները։ Նրանք սկսում են մտահոգվել լուրջ հիմքերի բացակայության դեպքում։

Տղամարդիկ, հակառակը, հաճախ չափից ավելի լավ են ներկայացնում ընտանիքի ֆինանսական դրությունն ու մտահոգության պատճառ չեն տեսնում մինչև չեն հայտնվում սնանկացման եզրին։
Ընդ որում...
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կանայք ինտուիտիվ կերպով ընտրում են այնպիսի կողակցի, ով ունի ամբողջովին հակառակ վերաբերմունք ֆինանսների նկատմամբ։ Ժամանակի ընթացքում այդ հակադրությունների պատճառով սկսում են փչանալ հարաբերությունները։ Լավ է, որ նման իրավիճակները կարելի է հարթել` բարձրացնելով սեփական ֆինանսական կրթության մակարդակը։–0–
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:

