Հայաստանում ավանդները կդառնան ավելի գրավիչ
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում բանկային ավանդները մինչև հիմա մնում են ամենապահանջնված ֆինանսական գործիքը քաղաքացիների համար։ Հաշվի առնելով ոչ այնքան ակտիվ բորսայական շուկան և բաժնետոմսերի ու պարտատոմսերի գնման և վաճառքի հարցում բնակչության թույլ հմտությունները` հայաստանցիների մեծ մասը նախընտրում են պահպանել և կրկնապատկել իրենց խնայողությունները բանկային ավանդների օգնությամբ։
Հայկական օրենսդրությունը կանոնավոր կերպով թարմացվում է` ելնելով սպառողների շահերից։ Մասնավորապես, վերջերս ԿԲ–ն հավանություն տվեց առաջարկին, որը վերաբերում է վարկի և եկամտի միջև առավելագույն հարաբերակցության նորմի սահմանմանը։ Փոփոխություններն ուղղված են սպառողների իրավունքների պաշտպանությանն ու թույլ են տալիս սահմանափակել անհոգ մարդկանց չվճարվող պարտքերի կուտակումից։ Հիմա հերթը հասել է դեպոզիտներին։
Հարմար ներդրում
Բանկային դեպոզիտները որոշակի ժամկետով (մի քանի ամսից մինչև մի քանի տարի) գումարը ներդնելու առավել պարզ ու հարմար միջոց են։ Փաստորեն, բանկը ձեզնից տոկոսով է փող է վերցնում, իսկ հետո տրամադրում է դրանք վարկերի տեսքով կամ ներդնում է ներդրումային նախագծերում, ձեռք է բերում արժեթղթեր` ապահովելով դրանց եկամտաբերությունը։ Դուք, որպես ավանդատու, պետք է պարզապես պայմանագիր կնքեք բանկի հետ, և դրա համար պետք չէ ունենալ ինչ–որ հատուկ ֆինանսական գիտելիքներ։
Եկամուտ առաջին օրվանից
ՀՀ Ազգային ժողովի կողմից մարտի 6-ին Քաղաքացիական օրենսգրքում ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն, ավանդատուներին տոկոսներ են հաշվարկվելու ավանդի առաջին օրվա համար ևս: Այդ նախագծով փորձ է արվում վերականգնել արդարությունը, և քաղաքացիներին հնարավորություն տալ գումար ստանալ նաև ավանդի ձևակերպման օրը: Ընդ որում ավանդատուն կարիք չունի լրացուցիչ գործողություններ անելու: Օրենքի շնորհիվ բոլոր գումարներն ավտոմատ կերպով հաշվարկվելու են:
Հանուն արդարության
Մինչև այս փոփոխություններն ավանդատուները որևէ եկամուտ չէին ստանում ավանդի ձևակերպման օրվա համար, մինչդեռ հենց բանկերը կարող էին Կենտրոնական բանկից գումար ներգրավել նույն օրը: Փորձագետների գնահատմամբ, անարդարությունն ակնհայտ է. բանկը կարող է եկամուտ ստանալ ձևակերպված ավանդի դիմաց, մինչդեռ ինքն`ավանդատուն, այդ օրվա համար միջոցներ չի ստանում: Այդպիսով, անարդարությունը վերականգնվում է օրենսդրական փոփոխություններով:
Հարցի գինը
Նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2020թ.-ի հունվարի 1-ից, այնուամենայնիվ, դրա ձևակերպումների հետ կապված որոշ ուշացումների պատճառով որոշումը հետաձգվել էր մինչև մարտի 1-ը: Փորձագետները հաշվարկել են, որ եթե օրենքն ուժի մեջ մտներ 2020թ.-ի հունվարի 1-ից, ապա այս պահին արդեն ավանդատուները կստանային լրացուցիչ 320 մլն դրամ:
Գուցե, ամեն ավանդատուն, առանձին վերցված, շատ շահույթ չունենա. ավանդի չափից կախված` նվազագույն գումարը կկազմի մոտ 50 դրամ: Բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ ամեն բան կատարվելու է օրենքի շրջանակում: Ընդ որում ավանդատուի կողմից ավանդի ձևակերպման ժամանակը նշանակություն չի ունենալու: Այսինքն տարբերություն չկա, դուք ավանդը ձևակերպել եք առավոտյան թե երեկոյան, դուք կստանանք այդ օրվա դիմաց եկամուտ:
Ինչպե՞ս դա կանդրադառնա տոկոսների վրա
Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ նման փոփոխությունը կարող է բանկերի կողմից բացասական վերաբերմունք առաջացնել, քանի որ նրանք որոշակի եկամուտ են կորցնում: Սակայն օրենքը համաձայնեցվել է հայկական բանկերի և Հայաստանի բանկերի միության հետ, և նրանք տվել են իրենց դրական եզրակացությունը: Ավելին, բանկերը բացառել են ավանդների տոկոսադրույքի նվազեցման հնարավորությունը։ Չէ որ առաջարկված փոփոխություններն ազդում են տոկոսադրույքի վրա միայն մեկ միլիոներորդ մասի չափով, ինչը շատ աննշան ցուցանիշ է:
Երաշխավորված ավանդ
Ներկայումս Հայաստանում ֆիզիկական անձանցից ավանդ ընդունելու իրավունք ունեն միայն բանկերը, որոնք ավանդների հատուցումը երաշխավորող համակարգի մաս են կազմում: Հայաստանում դա բոլոր այն բանկերն են, որոնք ավանդից (դեպոզիտից) տոկոսներ են հատկացնում Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ: Եթե բանկի հետ ինչ-որ բան պատահի, օրինակ՝ այն զրկվի լիցենզիայից, սնանկ ճանաչվի կամ այլ դեպքերում հիմնադրամը հատուցում է ավանդատուների միջոցները՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքին համապատասխան:
Հայաստանի կենտրոնական բանկի կողմից հիմնված հիմնադրամը ոչ առրևտրային իրավաբանական անձ է: Նրա հիմնական նպատակն է ապահովելերկրի բանկային համակարգի կայունությունն ու հուսալիությունը ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Ներկայումս երաշխավորվող դրամային ավանդի առավելագույն գումարը 10 մլն դրամն է, իսկ արտարժույթով՝ 5 մլն դրամին համարժեք:
Երաշխիքները կարող են վերանայվել
Հայաստանում երաշխավորվող ավանդի նվազագույն գումարը պարբերաբար վերանայվում է և բարձրացվում: Հիմա պատգամավորները կրկին քննարկում են երաշխավորվող ավանդի նվազագույն գումարի շեմի բարձրացման հնարավորության առաջարկությունը: Հարցը դեռևս գտնվում է հանձնաժողովների քննարկման փուլում, սակայն, չի բացառվում, որ որոշումը կարող է ընդունվել մինչև տարվա վերջ, և երաշխավորված ավանդի գումարը կրկին կավելանա:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

