Ֆինանսական կրթվածություն և կիբերսպառնալիքներ. ՀՀ ԿԲ-ն նշել է, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում ֆինանսական կազմակերպությունները

15.06.2023, 10:15
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը
Ֆինանսական կրթվածություն և կիբերսպառնալիքներ. ՀՀ ԿԲ-ն նշել է, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում ֆինանսական կազմակերպությունները

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը: Գործակալությանը պատասխաններ է տրամադրել ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կարևոր է համարում հրապարակել ԿԲ-ի այդ հարցազրույցը նաև իր ընթերցողների համար:

- Հայաստանի բանկային հատվածում նկատվու՞մ է DDoS գրոհների աճ:

ԿԲ. ոչ: Բանկերից ստացված տեղեկատվության համաձայն և ԿԲ կատարած ուսումնասիրությունների արդյունքում կարելի է փաստել, որ նշանակալի աճ չի գրանցվել:

 - рис.1

- Ինչպիսի՞ն է 2022թ.-ին Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների վրա իրականացված կիբերգրոհների վիճակագրությունը և դրա դինամիկան՝ նախորդ տարիների համեմատ:

ԿԲ. կիբերհարձակումների, կիբեր միջադեպերի տեսակների և քանակի վերաբերյալ  բանկերից ստացված տեղեկատվության համաձայն, հաջողված կիբերհարձակումներ բանկերում չեն գրանցվել, բանկերի կիբերանվտանգության համակարգերը հաջողությամբ կանխել են կիբերհարձակումների փորձերը: Վերջինիս վիճակագրությունը համարվում է գաղտնի տեղեկատվություն և տրամադրման ենթակա չէ:

- Որքա՞ն են կազմակերպությունների և քաղաքացիների ֆինանսական կորուստների ցուցանիշները կիբերգրոհների հետևանքով:

ԿԲ. բանկերից ստացված տեղեկատվության համաձայն, ԿԲ կատարած ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն բանկերում հաջողված կիբերհարձակումներ / կիբերմիջադեպեր չեն գրանցվել, այսպիսով՝ բանկերը ուղղակիորեն չեն կրել ֆինանսական կորուստներ կիբերհարձակումների արդյունքում: Քաղաքացիների մասով տեղեկատվության

ԿԲ-ն չի տիրապետում: Քաղաքացիները, որպես ֆինանսական կազմակերպության հաճախոր,դ հանդիսանում են առանձին թիրախ և գտնվում են բոլորովին տարբեր գրոհների թիրախում:

- Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները կիբերգրոհների ի՞նչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում:

ԿԲ. դրանք մի քանիսն են.

1.     DDoS հարձակումներ:

2.    Կիբերգրոհներ, որոնք փորձում են բանկերի խոցելի համակարգերը կամ սարքերը դարձնել Botnet-եր, որոնց միջոցով հետագայում հնարավոր կլինի իրականացնել այլ, օրինակ՝ DDoS հարձակումներ:

3.    Ավտոմատացված Port Scanning-ներ, որոնք փորձում են բանկերի համակարգերում գտնել և չարաշահել բաց պորտեր:

 - рис.2

 - Հակազդեցության ի՞նչ մեխանիզմներ է կիրառում կարգավորիչը կիբերսպառնալիքների դեմ պայքարելու համար:

ԿԲ. ԿԲ-ում ստեղծվել է ՏՏ/Գործառնական ռիսկերի վերլուծության բաժին, որի գործառնություններից է հանդիսանում ՀՀ ֆինանսական համակարգում առկա ՏՏ և ՏԱ ռիսկերի ուսումնասիրությունը, վերլուծությունը, գնահատումը և զսպման մեխանիզմների հետ կապված առաջարկությունների ձևավորումը:

ՏՏ միջավայրի զարգացմանը և ֆինանսական ծառայությունների թվայնացմանը զուգահեռ ՏԱ/կիբեր ռիսկերի կառավարումը բարձր առաջնահերթություն ունի Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների համար:

- Հայաստանում կիրառվու՞մ է ապահովագրության պրակտիկա կիբերանվտանգության ոլորտում:

ԿԲ. այո: Կան բանկեր, որոնք ունեն կիբեր ռիսկերը ծածկող ապահովագրական պայմանագրեր:

- Կա՞ն ֆինանսական կրթվածության մակարդակի բարձրացման ծրագրեր կազմակերպությունների և քաղաքացիների համար կիբերանվտանգության համատեքստում:

ԿԲ. Կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագրի» ներքո, իրականացնում է մի շարք գործողություններ, որոնք ներառում են նաև կիբերանվտանգության ոլորտում ֆինանսական ծառայությունների սպառողների կրթման տարրեր: Ծրագրեր են իրականացվում դպրոցականների, այլ թիրախային խմբերի համար (օրինակ՝ պաշտպանության նախարարության սպայական կազմ), որոնք անդրադառնում են ընթացիկ խնդրահարույց հարցերին։ Թեման մշտապես արծարծվում է www.abcfinance.am կայքում և վերջինիս սոցիալական հարթակներում՝ Facebook-ում և YouTube-ում:-0-