Վարկային քարտով գումար աշխատելու 6 միջոց

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այժմ, երբ դուք արդեն շատ բան գիտեք վարկային քարտերի մասին, ժամանակն է պարզել, թե ինչպես կարելի է գումար աշխատել նման քարտերի միջոցով: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպատմի, թե ինչպես կարելի է օգտագործել վարկային քարտերն ու օգուտ քաղել։
Հիշեք պարզ կանոններ․
1․ Արտոնյալ ժամկետ ունեցող վարկային քարտով կատարեք խոշոր գնումներ այդ ժամկետի սկզբում։ Այն կոչվում է նաև անտոկոս կամ գրեյս ժամանակահատված, երբ բանկին տոկոսներ չեք վճարում։ Այդպես կարելի է ավելի երկար օգտվել վարկային քարտի փողերից՝ չվճարելով տոկոսներ։
2․ Աշխատեք գումար չկանխիկացնել վարկային քարտից։ Շատ բանկեր չեն խրախուսում նման գործարքներն ու համապատասխան միջնորդավճարներ են գանձում՝ 2-2,5%։ Նաև սահմանում են միջնորդավճարի նվազագույն չափ՝ 1,5–2,5 հազար դրամ։
3․ Աշխատեք վարկային քարտի գումարը չփոխանցել այլ քարտերի, քանի որ այս դեպքում ևս կարող է գանձվել միջնորդավճար։
4․ Թողեք ձեր ֆինանսներն «աշխատեն»։ Վարկային քարտերի էությունն այն է, որ դուք ստիպում եք որ ձեր ֆինանսներն «աշխատեն»։ Երբ դուք արտոնյալ ժամկետում սեփական կարիքների համար ծախսում եք վարկային միջոցները, ձեր սեփական փողը, որը պետք է ծախսեիք, փոխանցեք կուտակային հաշվի վրա։ Դա նույն ավանդն է, բայց տոկոսները հաշվեգրվում են ոչ թե ժամկետի վերջում, այլ ընթացքում։ Այդ դեպքում այդ փողը կսկսի «աշխատել» և եկամուտ բերել տոկոսների տեսքով, իսկ վարկային քարտի դեպքում պետք է միայն ժամանակին կատարել նվազագույն վճարումը։ Դա, որպես կանոն, պարտքով վերցրած գումարի մի քանի տոկոսն է։
5․ Վարկային քարտի պարտքը վերադարձրեք մինչև արտոնյալ ժամկետի ավարտը։ Հայաստանում տարբեր բանկերի մոտ արտոնյալ ժամկետի տևողությունը տարբեր է։ Այսօր արտոնյալ ժամկետի տևողությունը 15–55 օր է։ Այս ժամկետի ընթացքում վարկային քարտի սեփականատերը կարող է գնումներ կատարել և վերադարձել միջոցներն առանց տոկոսի։ Եվ, իհարկե, կարևոր է բաց չթողնել արտոնյալ ժամկետի ավարտը։ Այս հարցում կօգնի վարկային քարտը թողարկած բանկի բջջային հավելվածը։
6․ Օգտվեք վարկային քարտի առավելություններից։ Շատ բանկեր տրամադրում են տարբեր արտոնություններ իրենց հաճախորդներին։ Օրինակ, կարող են լինել քեշբեք, զեղչեր կամ տարբեր բոնուսներ։
Ինչպես ճիշտ ընտրել վարկային քարտ
Չսխալվելու համար ուշադրություն դարձրե մի քանի հիմնական պարամետրերի․
ա) Վարկային սահմանաչափ։ Դա առավելագույն գումարն է, որը բանկը պատրաստ է պարտքով տրամադրել։ Բանկը դա հաշվարկում ՝ գնահատելով հաճախորդի վճարունակությունը այնպիսի ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են աշխատանքային ստաժը, աշխատավարձը չափը, վարկային պատմությունը, եկամուտների հարաբերակցությունն ու այլ գործոններ։ Եթե դուք հաճախ եք օգտվում քարտից և ժամանակին կատարում եք ամսական վճարները, բանկը կարող է ընդլայնել վարկային սահմանաչափը։
բ) Արտոնյալ (գրեյս) ժամանակահատված։ Դա ժամանակահատված է, որի ընթացքում քարտապանը կարող է փողերից օգտվել անվճար, այսինքն՝ պարտքի վրա տոկոսներ չեն հաշվեգրվում։ Սա կարևորագույն պարամետրերից մեկն է հաճախորդների համար, ովքեր դուրս չեն գալիս վարկային սահմանաչափից և փողերից օգտվում են միայն սահմանաչափի շրջանակում՝ չվճարելով ավել։ Այդ պատճառով ակնհայտ է, որ որքան ավելի երկար է արտոնյալ ժամանակահատվածը, այնքան ավելի ձեռնտու է։ Այս պարամետրը ևս կարևոր է նրանց համար, ովքեր վարկային քարտից օգտվում են արտոնյալ ժամկետից դուրս, քանի որ հենց այս ժամկետի ընթացքում նրանք կարող են տոկոսներ չվճարել բանկից վերցրած գումարի համար։ Բայց պետք է հիշել, որ արտոնյալ ժամկետը պահպանելու համար պետք է ժամանակին կատարել ամսական նվազագույն վճարումը։ Դա սովորաբար չնչին գումար է, որը, սակայն, բանկին ցույց է տալիս, որ վարկառուն վճարունակ է։
գ) Տոկոսադրույք։ Երբ արտոնյալ ժամկետն ավարտվում է, բանկը սկսում է գանձել տոկոսներ փոխառու միջոցների օգտագործման համար։ Ամսավճարի գումարը կախված է նրանից, թե որքան տոկոս է նշված վարկային կազմակերպության հետ կնքած պայմանագրում։ Հայկական բանկերի մոտ տարեկան անվանական տոկոսադրույքը տատանվում է 11–19 տոկոսի սահմանում։ Տոկոսադրույքը կարևոր է միայն այն մարդկանց համար, ովքեր գումարից օգտվում են արտոնյալ ժամկետից դուրս ժամանակահատվածում, որքան այն ավելի քիչ լինի, այնքան ավելի լավ։
դ) Քեշբեք։ Լոյալության ծրագրերն օգնում են վերադարձնել գնումների համար ծախսած գումարի մի մասը, այսինքն ստանալ քեշբեք։ Որոշ բանկեր տրամադրում են քեշբեք ամեն ինչի համար, այսինքն բոլոր գնումների համար գործում է քեշբեք։
ե) Սպասարկման վճար և միջնորդավճարներ։ Վարկային քարտ ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ որոշ բանկեր գանձում են լրացուցիչ միջնորդավճարներ գումարի փոխանցման կամ կանխիկացման դեպքում։ Բացի այդ, ուշադրություն դարձրեք վարկային քարտի տարեկան սպասարկման վճարին։
Չնայած առավելություններին, պետք է ուշադիր լինել վարկային քարտն օգտագործելիս։ Վարկային սահմանաչափից առավելագույն օգուտ քաղելու համար պետք չէ վարկային քարտից ծախսել ձեր ամսական եկամուտից ավել գումար կամ վերցնել նոր վարկային քարտեր հների վճարները մարելու համար։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։