Մեդիչիից մինչև ժամանակակից Երևան. ինչպես են մեկենասները փոխել արվեստի պատմությունը և շարունակում դա անել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Դասական երաժշտությունը պատմության ողջ ընթացքում ծաղկել է ոչ միայն կոմպոզիտորների և կատարողների հանճարի, այլև այն մարդկանց շնորհիվ, ովքեր աջակցել են նրանց։ Հովանավորները, մեկենասները և մշակույթի գործիչները հավատում էին, որ արվեստը արժանի է պաշտպանության, ներդրումների և սիրո, քանի որ այն լուսավորում է, զվարճացնում և անմահություն է պարգևում։ Ահա բազմաթիվ օրինակներից մի քանիսը, առանց որոնց արվեստի պատմությունը կկորցներ իրական գլուխգործոցներ։
Ինչպես էին մեկենասները ստեղծում արվեստի պատմությունը
Իտալիայից Ֆլորենցիայի ընտանիքը եղել է երաժշտության հովանավոր՝ աջակցելով այնպիսի նորարարական գաղափարների, ինչպիսին օպերային արվեստի ծնունդն է, ինչպես նաև ֆինանսապես օգնելով կոմպոզիտորներին։ Նրանց ազդեցության և երաժշտական պատվերների շնորհիվ Ֆլորենցիան դարձավ երաժշտական խոշորագույն կենտրոն։ Ամենանշանակալի ձեռքբերումներից են ֆլորենցիական Կամերատայի զարգացումը, մադրիգալի աջակցությունը և օպերային արվեստի ծնունդի համար պայմանների ստեղծումը։
Բարոկկոյի դարաշրջանում ի հայտ եկավ ևս մեկ նշանակալի հովանավոր՝ Լյուդովիկոս XIV թագավորը, ում նվիրումն արվեստին ֆրանսիական արքունիքը վերածեց երաժշտական լաբորատորիայի։ Նրա կառավարման օրոք Ժան-Բատիստ Լյուլլին, որը թագավորական երաժշտության վարպետն էր և ֆրանսիական օպերայի հիմնադիրը, դարձավ օպերայի ու բալետի նոր ձևերի ստեղծման առաջամարտիկ. մի մշակութային ժառանգության առաջամարտիկ, որը մինչ օրս նկարագրում է ֆրանսիական երաժշտությունը։
Բարոկկոյի և կլասիցիզմի դարաշրջանում նշանակալի դեր խաղացին երաժշտության այնպիսի հովանավորներ, ինչպիսին էր բարոն Գոթֆրիդ վան Սվիթենը։ Նա եղել է Մոցարտի, Հայդնի և Բեթհովենի գլխավոր աջակիցներից մեկը, ինչպես նաև նպաստել է Բախի և Հենդելի երաժշտության՝ Վիեննա վերադարձին, ինչն օգնեց դասական երգացանկի (ռեպերտուարի) ձևավորմանը։
Եկեղեցին և արիստոկրատիան առաջին հովանավորներից էին, որոնք աջակցում էին կոմպոզիտորներին՝ նրանց տրամադրելով աշխատանք և պատվերներ։
Օրինակ՝ Յոհան Սեբաստիան Բախը համագործակցել է կրոնական և աշխարհիկ հաստատությունների հետ, որոնք ապահովել են ստեղծագործական կայուն միջավայր։ Հենց այդ տարիներին են ստեղծվել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Բրանդենբուրգյան կոնցերտները» և «Չարչարանքներ ըստ Մատթեոսի»-ն։
Յոզեֆ Հայդնի երկարամյա ծառայությունը Էստերհազիների ընտանիքի հետ ցույց է տալիս հովանավորչության փոխշահավետությունը։ Թեև նա ստիպված էր ստեղծագործել՝ համաձայն ընտանիքի ճաշակների և պահանջների, այս կայուն աջակցությունը թույլ էր տալիս կոմպոզիտորին ստեղծել նորարարական գործեր և զարգացնել իր յուրահատուկ ոճը։ Ինքը՝ Հայդնը, կարծում էր, որ հենց այս միջավայրն է նպաստել իր ինքնատիպությանը։
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը հովանավորչության ավելի բուռն ուղի է անցել՝ սկզբում աշխատելով Զալցբուրգի արքեպիսկոպոսի ենթակայության ներքո, ապա դառնալով ազատ կոմպոզիտոր՝ ընդունում էր արիստոկրատների պատվերները։
Լյուդվիգ վան Բեթհովենը, ի տարբերություն իր նախորդների մեծ մասի, կարողանում էր հավասարակշռություն ստեղծել հովանավորչության և ստեղծագործական ազատության միջև։ Նա ստեղծեց հովանավորների մի ամբողջ ցանց, այլ ոչ թե ծառայում էր մեկ արքունիքի։ Նրա հարաբերությունները, մասնավորապես էրցհերցոգ Ռուդոլֆի հետ, թույլ տվեցին նրան ընդլայնել ստեղծագործական սահմանները այնպիսի գործերում, ինչպիսիք են «Հերոսական» և Իններորդ սիմֆոնիաները։
Ռոմանտիզմի դարաշրջանում Ռիխարդ Վագները օգտվում էր Բավարիայի թագավոր Լյուդվիգ II-ի բացառիկ աջակցությունից, որը նրա նվիրյալ հովանավորն էր։ Թագավորը Վագների նախագծերի վրա ծախսում էր իր անձնական եկամուտները (և ոչ թե պետականը, ինչպես երբեմն կարծում են) և ակտիվորեն պարտքեր էր վերցնում՝ մարտահրավեր նետելով իր նախարարների՝ դրանք սահմանափակելու փորձերին։
Լյուդվիգ II-ի հովանավորչությունը թույլ տվեց Վագներին ստեղծել այնպիսի մոնումենտալ գործեր, ինչպիսին է «Նիբելունգի մատանին» օպերան, և կառուցել Բայրոյթի փառատոների դահլիճը՝ մի թատրոն, որը ստեղծվել էր հատուկ նրա օպերաների համար։
Բավարիայի Լյուդվիգ II-ի անձնական նվիրումը երաժշտությանը ցույց է տալիս, թե ինչպես կարող էին հեռատես հովանավորները կոմպոզիտորների գեղարվեստական հավակնությունները վերածել մնայուն մշակութային նվաճումների, նույնիսկ անձնական մեծ ծախսերի գնով։
Կան նաև այլ հայտնի օրինակներ։ Օրինակ՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկին, ում աջակցում էր Նադեժդա ֆոն Մեկկը։ Ենթադրվում է, որ նրանք հանդիպել են ընդամենը մեկ անգամ, սակայն Մեկկը տարիներ շարունակ աջակցել է նրա ստեղծագործական աշխատանքին և նամակագրական կապ է պահպանել նրա հետ։
Այս մարդիկ պարզապես հովանավորներ չէին։ Նրանք ընկերներ էին, մշակույթի նվիրյալներ, որոնք կարծում էին, որ արվեստի փառքը նաև իրենց փառքն է, իսկ հասարակությանը տրված օգուտը՝ իրենց օգուտը։ Այս կերպ նրանք ընդգծում էին իրենց բացառիկությունը և ցանկությունը՝ տարբերվելու ուրիշներից։
Մեկենասության նոր դարաշրջանը
Այսօր մեկենասությունն այլ տեսք ունի, բայց դրա էությունը մնում է նույնը։ Թագավորական կամ ազնվական ընտանիքներից զատ, գործնականում յուրաքանչյուրը կարող է իրեն թույլ տալ՝ դառնալու այս ընտրյալ շրջանակի մի մասը։
Հայաստանում և աշխարհում կան բարեգործական հիմնադրամներ, իրավաբանական անձինք և առանձին բարերարներ (ֆիլանտրոպներ), որոնք հասկանում են, որ արվեստը, հատկապես դասական երաժշտությունը, ժամանակակից աշխարհում ավելի խիստ աջակցության կարիք ունի։
Նման օրինակ է Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» գրքի հայերեն հրատարակությունը։ Սա նշանակալի թարգմանություն է, որն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հայ ուսանողներին, դասավանդողներին և կատարողներին հնարավորություն է տալիս մուտք գործել ջութակի արվեստի ամենաազդեցիկ դպրոցներից մեկը։
Այս կարևոր մշակութային նախագիծը հնարավոր է դարձել «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի առատաձեռն աջակցության շնորհիվ։ Արվեստի և մշակույթի նկատմամբ նրանց ուշադրությունը շարունակում է մեկենասների այն ավանդույթները, որոնք հասկանում են, որ ներդրում կատարելով գեղարվեստական կրթության մեջ, մենք պահպանում ենք ազգային ժառանգությունը, ներդրում ենք կատարում ապագա սերունդների, նրանց մտածելակերպի և բարեկեցության մեջ։
Նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել Հայաստանում նմանատիպ նախաձեռնություններին, Primavera Charitable Foundation-ին և նրա գործընկերներին ուղղված ներդրումները կօգնեն շարունակել մշակութային հովանավորչության այս մնայուն ավանդույթը։

