Շուրջ 1,7 մլն դոլար կհատկացվի Հայաստանում կայանալիք «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթի կազմակերպման համար
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/. Հունիսի 6-ին Հայաստանում կայանալիք «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթի կազմակերպման համար կհատկացվի շուրջ 665 մլն դրամ (մոտ 1,7 մլն դոլար), հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա շատ հետաքրքիր մի ձևաչափ է, որը Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով է իրականացվում, և հնարավորություն է տալու մեր երկիրը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում», - ասաց Անդրեասյանն այսօր կառավարության նիստի ժամանակ:
Նախարարը տեղեկացրեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվելիք մրցույթին կմասնակցեն երաժիշտներ 11 երկրներից՝ Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Գերմանիայից, Չեխիայից, Կիպրոսից, Լեհաստանից, Լատվիայից, Շվեդիայից, և Հայաստանից։
Նա հավելեց, որ Հայաստանը կներկայացնի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը:

