Եվրոպայի հայերը բողոք են ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Փարիզում տեղի ունեցած սկանդալի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային` հունիսի 15-ին Փարիզում բացված «Խաչքարի արվեստ՝ հայկական սուրբ քարեր» ցուցահանդեսում տեղի ունեցած սկանդալի կապակցությամբ, հաղորդում է ԵՀՄՖ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցուցահանդեսում առանց որևէ բացատրության հայկական ցուցանմուշների վրայից մասամբ հանվել են խաչքարերի գտնվելու վայրի մասին պատմող գրառումները։ Ստացված տեղեկության համաձայն, դա արվել է Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման տակ։
«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը և անձամբ ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը խիստ բողոք են ուղղել UNESCO-ի քարտուղարությանն ու գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային` պահանջելով բացատրություն կատարվածի շուրջ»,- ասվում է նամակում։
Փաստաթղթում նշվում է, որ այդ աբսուրդ պահանջն ավելի անհեթեթ է դառնում, երբ տրվում է բացատրություն, որ դա Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով է կատարվել:
«Սրանք այն երկրներն են, որոնք մեթոդաբար կատարել են մշակութային ցեղասպանություն` վերացնելով հայկական հազարամյա թանկարժեք հուշարձանները հայկական տարածաշրջաններում ու հիմա էլ պահանջում են վերացնել այն նույնիսկ մարդկանց հիշողություններից»,- նշվում է նամակում։
ԵՀՄՖ նախագահը հիշեցրել է, որ 2005 թ-ին ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին Նախիջևանի Ջուլֆա քաղաքի մոտ տեղավորված հնադարյան հայկական խաչքարների ոչնչացումը, որոնց թիվը ժամանակին մի քանի հազար էր:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռևս չի ուսումնասիրել այս փաստը և չի կարողացել հանձնախումբ ուղարկել Նախիջևան, քանի որ դրան հակազդում են այդ բարբարոսության կազմակերպիչները` Ադրբեջանի իշխանություններն իրենց նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»,- ասվում է նամակում։
ԵՀՄՖ-ն պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից շուտափույթ կազմակերպել հանձնախումբ, որը կուսումնասիրի այս հայտարարության ճշտությունը և միջոցներ ձեռք կառնի վերոհիշյալ մշակութային ցեղասպանության աղաղակող փաստի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Միաժամանակ մենք սպասում ենք նաև բացատրություն Փարիզի ցուցասրահում կատարվածի շուրջ և պահանջում պատասխանատուների կողմից ներողության հայցում: Հակառակ դեպքում ԵՀՄՖ-ն փորձելու է այս հարցի քննարկումը ներկայացնելու միջազգային դատական ատյանների քննությանը»,- նշվում է նամակում։
Նամակի պատճենները ուղարկվում են նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չեթեջյանին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարի կամքի հայ ազգի դեսպաններին:
Միաժամանակ ԵՀՄՖ-ն սկսում է էլեկտրոնային ստորագրահավաք ցուցահանդեսի կազմակերպիչների դեմ` դատական գործ սկսելու կապակցությամբ: -0-

