84 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Վրեժ Հակոբյանը

07.06.2022, 12:33
84 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Վրեժ Հակոբյանը
84 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Վրեժ Հակոբյանը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 84 տարեկանում կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն:

Վրեժ Հակոբյանը հանդիսատեսին հայտնի է ոչ միայն թատրոնում, այլև կինոյում կերտած իր դերերով՝ Ռոդրիգո Շեքսպիրի «Օթելլո» դրամայից, Սերոբը՝ Վ. Փափազյանի «Ժայռը» պիեսից, Արտակ Մոկացը՝ Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպից, «Կարինե», «Խաթաբալա», «Երկունք», «Արևիկ» և այլ կինոֆիլմերից:

Թատերարվեստում և կինոարվեստում ունեցած իր ակնառու վաստակի համար Վրեժ Հակոբյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալների:

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թ. Աթենք քաղաքում: 1947 թ. հայրենադարձվել է: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Արմեն Գուլակյանի արվեստանոցը: Երկար տարիներ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում վաստակաշատ դերասան Վրեժ Հակոբյանի ընտանիքի անդամներին և գործընկերներին: Վրեժ Հակոբյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մտերիմ գործընկերների և արվեստասերների սրտերում», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–