ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։ Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը` կատարելով LoveWave երգը։
Հայաստանը ներկայացրեց բացառիկ շոու` գրաֆիկական, թվային և լուսային էֆեկտների կիրառմամբ։ Այս տարի ներկայացվեց «մոնտաժային» ներկայացում, այսինքն` ելույթը հանդիսատեսին հիշեցրեց տեսահոլովակ ուղիղ եթերում։
«Եվրատեսիլ 2016» մրցույթն այս տարի անցկացվում է Ստոկհոլմի «Գլոբեն» արենայում` «Միավորվենք» (Come together) կարգախոսով:
Իվետա Մուկուչյանը ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2016»–ի կիսաեզրափակչում>>
Իվետա Մուկուչյանը եզրափակիչ դուրս գալու համար պայքարեց Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի հետ եզրափակիչ դուրս եկան Ադրբեջանի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի և Մալթայի ներկայացուցիչները։
Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլում» իր ելույթի մասին. We did it! (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>
Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները:
«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։
Յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ դուրս կգա 10–ական մասնակից։ «Եվրատեսիլի» հիմնադիր երկրները` Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բրիտանիան, ինչպես նաև հյուրընկալ երկիրը` Շվեդիան ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ։ –0–