Multi Group-ի նախկին գլխավոր տնօրենն ու կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենը ձերբակալվել են քրեական գործի շրջանակում

05.08.2026, 18:07
ՀՀ ՔԿ-ն հայտնում է կոնցեռնի տնօրենների նախագահի, նախկին գլխավոր տնօրենի և ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին
Multi Group-ի նախկին գլխավոր տնօրենն ու կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենը ձերբակալվել են քրեական գործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է «Մուլտի Գրուպ»-ի տնօրենների նախագահ, նախկին գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի (Սեդրակ Առուստամյան - խմբ.) և կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրեն Ա.Դ.-ի (Արթուր Դալլաքյան - խմբ.) ձերբակալման մասին՝ առանձնապես խոշոր չափերի ենթադրյալ խարդախության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում:

ՔԿ-ի տվյալներով՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ. (Գագիկ Ծառուկյան-խմբ.)-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Առուստամյանի և Դալլաքյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով: Նրանք ձերբակալվել են սույն թվականի օգոստոսի 5-ին՝ դատարան ներկայացվելու համար:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Ա.Դ.-ն (Արթուր Դալլաքյան-խմբ.) «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի Տրանսպորտ» ընկերության տնօրենն է:

Հուլիսի վերջին Քննչական կոմիտեն հայտնել էր «Մուլտի Տրանսպորտ»-ի տնօրենի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու գործով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: