Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, հայտնում է «Արմենպրես»-ը։
«Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը», - նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել էին Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։

