ՀՀ բուհերում այս տարի կսովորի շուրջ 11 հազար առաջին կուրսեցի. ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները

05.08.2026, 13:41
ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի
ՀՀ բուհերում այս տարի կսովորի շուրջ 11 հազար առաջին կուրսեցի. ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր են ընդունվել ևս 1073 դիմորդներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ավելի վաղ, բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էին ընդունվել 9885 դիմորդներ։

«Այսպիսով, 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10958 առաջինկուրսեցիներ` բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների (15859 դիմորդ) 69,1%-ը, և 2026թ․ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդհանուր թվի (22 205 շրջանավարտ) 49,35%-ը։ Ընդունվածների 96.3%-ը կսովորի պետական, իսկ 3.7%-ը՝ ոչ պետական բուհերում», - նշված է հաղորդագրության մեջ։

Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 ուստարվա համար հատկացված ընդհանուր 12720 տեղերի 86,15%-ը։

Հիշեցնենք, որ 2021–2025 թվականներին առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունվածների թիվն աճել է 9700-ից մինչև 10 970։ 2026 թվականին ցուցանիշը շարունակում է լինել կայուն՝ 2021 թվականի համեմատ աճելով շուրջ 13%-ով։

Ովքե՞ր և ե՞րբ կարող էին մասնակցել բուհական ընդունելության լրացուցիչ փուլին

Բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլին կարող էին մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլի մրցույթի արդյունքներով չէին ընդունվել հայտագրած մասնագիտությամբ, սակայն միասնական քննություններից ունեն դրական գնահատականներ։ Ի տարբերություն մրցույթի հիմնական փուլի, որում դիմորդը հայտագրում է 1 բուհի 1 մասնագիտություն, լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հավակնելու մեկ կամ մի քանի բուհերի մինչև 6 մասնագիտությունների գծով առկա թափուր տեղերին։

Դիմորդների մասնակցության աճ. բուհական ընդունելության քննություններին մասնակցել է շրջանավարտների 50%-ից ավելին

Կառավարության կողմից 2026/27 ուսումնական տարվա համար հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ, 10587-ը՝ վճարովի համակարգում։

Բուհեր ընդունելության հիմնական մրցույթի առաջին փուլում՝ 2025թ․ դեկտեմբերին, dimord.am հարթակում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 12447 դիմորդ՝ շուրջ 800-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Դիմորդների հիմնական մասը եղել են 12-րդ դասարանի շրջանավարտներ․ այս տարի ՀՀ հանրակրթական ուսհաստատությունների շրջանավարտների (22 205 շրջանավարտ) 50%-ից ավելին հայտագրվել է միասնական քննությունների առաջին փուլին:

Ընդունելության հիմնական մրցույթի երկրորդ փուլում` 2026թ․ ապրիլի 15-մայիսի 10-ը, dimord.am հարթակում հայտագրվել է 16482 դիմորդ (471-ով ավելի, քան նախորդ տարի)։ Նրանցից 15859 դիմորդ հայտագրել է բուհ և մասնագիտություն․ 12893 դիմորդ հայտագրել է երկու միասնական, իսկ 2897-ը՝ երկու ներբուհական քննություն, ևս 69-ը՝ մեկական միասնական և ներբուհական։

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի շրջանակում այս տարի ներկայացվել է 28929 դիմում-հայտ, ինչը շուրջ 1300-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։

Հիմնական մրցույթի երրորդ փուլի շրջանակում էլ նոր չափորոշիչներով փորձարարական միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է Տավուշի մարզի 493 դիմորդ․ նախորդ տարի նրանց թիվը կազմել է 319։ Փորձարարական քննություններում դիմորդների ցուցաբերած արդյունքները նախորդ տարվա համեմատ բարելավվել են։

Գերակա ուղղություններով ուսուցման խթանում

Պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության խթանման համատեքստում 2026/2027 ուստարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2133 տեղերից 1282-ը (ընդհանուր տեղերի թվի 60.1%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) ոլորտին:

Դիմորդների կողմից առավել պահանջված բուհերն ու մասնագիտությունները

Ըստ նախնական տվյալների՝ ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երևանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Դիմորդների բացարձակ թվով առաջատարն են ԵՊԲՀ «Բուժական գործ» (832 հայտ, 397 ընդունված դիմորդ), ՃՇՀԱՀ «Ճարտարապետություն» (442 հայտ, 245 ընդունված դիմորդ), ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» (402 հայտ, 205 ընդունված դիմորդ) մասնագիտությունները։

Լրացուցիչ փուլում ընդունվածների առումով առաջատարն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությունը՝ 75 ընդունված դիմորդով։