Հերթական արտահոսք. ադրբեջանցիները հանրայնացրել են COVID-19-ով հիվանդ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական հաքերները կրկին հանրայնավրել են կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները: Այս մասին հայտնել է Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ - անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա»,- նշել է նա Facebook-յան էջում:
Նա հավելել է, որ նախորդ անգամ կորոնավիրուսով հիվանդների տվյալները հրապարակել են նույն հաքերները:
«Ենթադրում եմ, նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում»,- մանրամասնել է նա:
Հիշեցնենք, որ մինչ սա եղել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակակիրների անձնական տվյալների երկու արտահոսք:
Առաջինը հունիսի սկզբին էր, երբ սոցցանցերումհրապարակվել էին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։
Իսկ երկրորդ անգամ արդեն ադրբեջանական նույն հաքերների կողմից հանրայնացվել էին կորոնավիրուսով հիվանդ մոտ 3500 հայաստանցիների տվյալները: -0-

