Ադրբեջանցիները հանրայնացրել են ՀՀ-ում COVID-19-ով հիվանդների անձնական տվյալները. վարչապետի խոսնակն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Facebook-յան էջում տեղեկություն էր տարածել, որ ադրբեջանցիների կողմից հանրայնացվել են կորոնավիրուսով հայաստանցի հիվանդների անձնական տվյալները (ԱԱՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, ծննդյան ամսաթիվ, կոնտակտավորներ):
«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ»,- գրել է նա:
Մարտիրոսյանն ընդգծել է, որ լրացուցիչ տեղեկությունների չի տիրապետում, և նշել, որ ադրբեջանցի հաքերն ասել է, որ մեյլ է կոտրել ԱՆ-ից, բայց դա էլ հավաստի տեղեկություն չէ:
«Որքանով ա հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի։ Ո՞րն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»,- նշել է նա:
Ավելի ուշ հրապարակված տեսանյութում Մարտիրոսյանը նշել է, որ հավանական է, որ սա ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից են գողացել, հաքերները համակարգ չեն կոտրել, բայց այդ նշանակում է, որ տարբեր մարդիկ այս տվյալները իրար ուղարկում են:
«Դա նշանակում է, որ անվերահսկելի ձևով մարդիկ իրար մեյլով են ուղարկում և այլն, և չգիտես, թե ինչքան մարդու մոտ կա այս տվյալները: Սա ոչ միայն ադրբեջանական հաքերների տեսանկյունից է վատ, հաստատ ինչ-որ մարդիկ տանում են տուն, նայում են. շատ փնթի վիճակ է»,- նշել է նա:
«Առաջին խնդիրը բժշկական գաղտնիքի հետ կապված է: Կա խնդիր, որ հիվանդներին կարող են հետապնդել տարբեր ձևերով: Հեչ պարտադիր չէ, որ բոլորն իմանան, որ մեկը հիվանդ է: Մարդիկ պետք է պաշտպանված լինեն»,- նշել է նա:
Անձնական տվյալների մասով նա ընդգծել է, որ եթե հայտնի է ինչ-որ մեկի անձնագրի տվյալները, հեռախոսը, հասցեն, ծննդյան թիվը, սա թույլ է տալիս անել այն, ինչ անվանում են անձի հափշտակում:
«Ձեր անունից կարող են ինչ-որ գործողություններ իրականացվել: Երկրորդ խնդիրն այն է, որ դուք դառնում եք խոցելի կիբեռ ժուլիկների համար»,- նշել է նա՝ խոսելով անձնական տվյալների արտահոսքի մասին:
Ավելի ուշ կատարված միջադեպին է անդրադարձել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,- նշել է քարտուղարն իր Facebook-յան էջում: -0-

