Սաբոտա՞ժ, թե՞ հաքերային հարձակում. համացանցում հրապարակվել են COVID-19–ից մահացած անձանց անուն–ազգանուններն ու անձնական տվյալները

02.06.2020, 18:39
Սաբոտա՞ժ, թե՞ հաքերային հարձակում. համացանցում հրապարակվել են COVID-19–ից մահացած անձանց անուն–ազգանուններն ու անձնական տվյալները, ԱՆ–ը կդիմի իրավապահներին
Սաբոտա՞ժ, թե՞ հաքերային հարձակում. համացանցում հրապարակվել են COVID-19–ից մահացած անձանց անուն–ազգանուններն ու անձնական տվյալները

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերում հրապարակվել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։ 

Այս դեպքը մեծ դժգոհություն ու արձագանք է ստացել հասարակության շրջանում` հատկապես վարակման աճող թվերի ֆոնին։ 

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, հրապարակված անձնական տվյալներն իրական են, և դրանց անօրինական հրապարակումը ենթադրում է քրեական պատասխանատվություն։ 

Загружается новость ... "Лево"

«Մենք մտադիր ենք դիմել իրավապահ մարմիններին` արտահոսքի աղբյուրը պարզելու համար։ Փաստորեն խախտվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են անձնական տվյալները, ինչը պարզապես անթույլատրելի է», – նշել է Նիկողոսյանը։

Իրավիճակը մեկնաբանել է նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

«Կորոնավիրուից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ մի երկու բան ասեմ.

1. Էջը, որտեղ դրանք հայտնվել են, երկու բան ունի հետը կապված.
ա. ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում
բ. Այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություներից

2. Սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։

Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի, որն արդեն երրորդ ամիսն է աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում, կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում», – գրել է փորձագետը Facebook–յան իր էջում։

Նա պատգամավորներին կրկին անգամ կոչ է արել ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների և անկախ մասնագետների, տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին։

«Նման արտահոսքերի էս վիճակում պարզապես անթույլատրելի են», – նշել է Մարտիրոսյանը։–0–