Մետրոյի նոր կայարանը նախատեսվում է տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա. ԷՍՔԻԶՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մետրոյի նոր կայարանը նախատեսվում է տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա։
Այս մասին Facebook–յան իր էջում նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` հրապարակելով նոր կայարանի էսքիզները։
«Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ և ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիևյանի հատվածից (Բարբյուս փ.)։ Այս տարբերակը ենթադրում է նաև մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով», – նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով, նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», – հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը:
Նշենք, որ այսօր Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել է, որ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարությունը, հնարավոր է, մեկնարկի 2020թ.–ի գարնանը։–0–

