Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը, հնարավոր է, մեկնարկի 2020թ.–ի գարնանը

29.10.2019, 19:07
Հաջորդ գարուն, հնարավոր է, մեկնարկեն մետրոյի նոր` «Աջափնյակ» կայարանի շինարարական աշխատանքները։
Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը, հնարավոր է, մեկնարկի 2020թ.–ի գարնանը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» նոր կայարանի շինարարությունը, հնարավոր է, մեկնարկի 2020թ.–ի գարնանը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ 

«Բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և երկաթուղային կամրջի նախագծման փուլին։ Այս պահին կա նախնական համաձայնություն ներդրողի հետ այն մասին, որ նա կսկսի ֆինանսավորումը հենց նախագծային փուլից։ Հետագայում կքննարկվի մետրոյի կայարանի շինարարության հարցը», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, ներդրողին կառաջարկվի բիզնես մոդել` մետրոյի վերջնակետում` կայարանից վեր մոլ կամ բիզնես կենտրոն կառուցել: 

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ վերջերս Երևան են այցելել ներդրողի ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրություն են կատարել թե Հրազդանի կիրճի, թե թունելի հատվածում` հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը: Արդյունքում նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագիծը կիրականացվի:

«Կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կմշակեն և կներկայացնեն` մեր տված պարամետրերի հիման վրա, և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարությունը: Հույս ունենք, որ հաջորդ տարի` գարնանից սկսած, կտրվի որոշակի աշխատանքների մեկնարկ»,-ասաց Սարգսյանը` հավելելով, որ այս պահին ներդրողի հետ քննարկվող նախագծով՝ Հրազդանի կիրճի հատվածը կանցնի կամուրջով, դուրս կգա թունելից և կամրջի վրա կկառուցվի մետրոյի կայարան, որը հնարավորություն կտա շարունակելիությունն ապահովել մինչև հաջորդ կայարան:–0–