Հրապարակվել է ձևաթուղթը, որը վաղվանից պետք է ունենա յուրաքանչյուրը` տնից դուրս գալիս (ՖՈՏՈ)

24.03.2020, 21:14
Հրապարակվել է ձևաթուղթը, որը վաղվանից պետք է ունենա յուրաքանչյուրը` տնից դուրս գալիս. ՖՈՏՈ
Հրապարակվել է ձևաթուղթը, որը վաղվանից պետք է ունենա յուրաքանչյուրը` տնից դուրս գալիս (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Պարետատան կողմից հրապարակվել է այն ձևաթուղթը, որը վաղվանից տնից դուրս գալուց յուրաքանչյուրը պետք է ունենա իր մոտ՝ լրացված վիճակում։

Ձևաթուղթը կարող է լինել ձեռագիր, ինչպես նաև այն կարելի է ներբեռնել և լրացնել հեռախոսով։

Պարետի որոշում.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով

2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝

1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

2) ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.

3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․

3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը.

4. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը.

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին: 

Ինչպես այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Նա հայտարարեց, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։

ՀՀ ոստիկանությունն իր հերթին հրապարակել է նախազգուշացնող տեսաուղերձ։–0–