Հայաստանը հայտնվել է աշխարհում կորոնավիրուսի տարածման քարտեզի վրա
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հայտնվել է աշխարհում COVID-19 կորոնավիրուսի տարածման քարտեզի վրա՝ gisanddata.maps, որը թարմացվում է օնլայն ռեժիմով:
Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։
Այսօր Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է վարակվածի վիճակի մասին և որ կորոնավիրուսով նոր վարակման դեպք չի արձանագրվել: Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկություններ է հայտնել կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի մասին՝ նշելով, որ դրանք մտնում են հերթական ստուգվողների խմբի մեջ, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։ Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին։
Իրադրությունը հարևան երկրներում
Մարտի 2-ի տվյալներով, Չինաստանից հետո Իրանը կորոնավիրուսից մահվան ելքերի թվով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 54 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 978 դեպք:
Իրանից Հայաստան վերջին 10 օրում ժամանել է 360 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը փետրվարի 19-ից աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ, սահմանված է շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով մշտական հերթապահություն։
Վրաստանում և Ադրբեջանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք: -0-

