Չորեքշաբթի` մայիսի 4–ի առավել ուշագրավ նորությունները

05.05.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Չորեքշաբթի` մայիսի 4–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱԺ պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ բանակի կադրային փոփոխությունները կապված են ընթացիկ պահի հետ և ուղղված են կառավարման համակարգի բարելավմանը։ Օհանյանը նաև նշել է, որ իրավիճակն առաջնագծում մնում է լարված։ Պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում հայտնել է նաև, որ աշխատանքներ են իրականացվում ռուսական սպառազինության մատակարարման տեմպերի արագացման ուղղությամբ։

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ խուճապի պատճառ չի տեսնում ԼՂՀ–ի ճանաչումը քննարկելու մասին հայ պատգամավորների նախաձեռնության կապակցությամբ, քանի որ Երևանը վստահեցնում է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով։ Նա նաև նշել է, որ Մոսկվան, չնայած բարդ, սակայն հնարավոր է համարում ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման գաղափարների փաստաթղթային ձևակերպումը։ Լավրովը նաև կարևորել է ԼՂ–ում հրադադարի ցանկացած խախտման կանխումը` դրա համար մշակելով գործուն մեխանիզմներ։

  • Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը միանշանակ կնվազի, լրագրողներին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։ Իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բյուջեի և սակագների ձևավորման բաժնի պետ Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ ընկերության բաժանորդները կկարողանան առցանց հետևել իրենց էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցմունքներին։

  • ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի պետ,  արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները:  

  • Հայկական լրատվական կայքերից մեկի տնօրենը, նրա օգնականը և մամուլի ակումբի ղեկավարը նախօրեին Երևանում ձերբակալվել են հայ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով։-0-