Երևանը վստահեցնում է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով. Լավրով

04.05.2016, 19:26
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խուճապի պատճառ չի տեսնում ԼՂՀ–ի ճանաչումը քննարկելու մասին հայ պատգամավորների նախաձեռնության կապակցությամբ, քանի որ Երևանը վստահեցնում է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով։
Երևանը վստահեցնում է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խուճապի պատճառ չի տեսնում ԼՂՀ–ի ճանաչումը քննարկելու մասին հայ պատգամավորների նախաձեռնության կապակցությամբ, քանի որ Երևանը վստահեցնում է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով։

Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկումը։ Օրինագծի հեղինակներն են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։

«Ինչ վերաբերում է ԼՂ–ի ճանաչման թեմայի քննարկման լուրերին. չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում։ Դա խորհրդարանի երկու անդամների առաջարկն է։ Եվ Հայաստանի կառավարությունն, իր օրենքներով, ինչպես դա նրանք բոլորին բացատրում էին` հանդարտեցնելով կրքերը, պետք է եզրակացություն պատրաստի այդ օրինագծի շուրջ։ Հիմա ես չէի ահազանգի և խուճապի չէի մատնվի», – ասել է Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ 

«Երբ ես Երևանում էի, հետո հեռախոսով շփվում էի գործընկերոջս հետ, իսկ հետո, երբ նա ապրիլյան իրադարձություններից հետո եկավ Մոսկվա, ինձ հստակ հաստատեցին, որ Երևանը հետամուտ է խաղաղ կարգավորմանը։ Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, այլ ոչ թե միակողմանի կարգով», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-