ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողվել է, գրում է sport.times.am-ը` հղում անելով բրիտանական Daily Mirror-ին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ, որն ավարտվում է 2017 թ.-ի ամռանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրն ակումբի հետ:
Կայքի հաղորդմամբ, անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի համար առաջարկել է 19 միլիոն ֆունտ, սակայն «Բորուսիան» հրաժարվել է վաճառել Մխիթարյանին Մաթս Հյումելսին և Իլկայ Գյունդողանին կորցնելուց հետո։
Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ ֆուտբոլիստն ուզում է տեղափոխվել Մանչեսթերի ակումբ, սակայն «Բորուսիան» մերժել է առաջարկը, քանի որ դորտմունդյան ակումբում կարծում են՝ առանցքային երկու ֆուտբոլիստների վաճառքից հետո Մխիթարյանը նրանց ավելի է պետք, քան նրա տրասֆերից ստացվելիք գումարը, հաղորդում է պարբերականը։
Ինչպես նշում է կայքը, Մխիթարյանը պահանջում է շաբաթական 150.000 ֆունտի չափով աշխատավարձ, մինչդեռ «Բորուսիան» նրան առաջարկում է 100.000 ֆունտ։
«Մենք չորս ամիս քննարկել ենք Մխիթարյանի պայմանագրի երկարաձգումը և ընդհանուր հայտարարի չենք եկել։ Հիմա մենք գիտենք, որ չենք կարող երկարաձգել պայմանագիրը, սակայն ակումբի ղեկավարության բոլոր անդամները պնդում են, որ նա մնա մեզ մոտ մինչև պայմանագրի ավարտը։ Նա մնալու է մեզ մոտ հաջորդ մրցաշրջանում»,- մեջբերում է կայքը «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեի խոսքերը։
Հայտնի է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են աշխարհի առաջատար ակումբները` «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը» և «Յուվենտուսը»: