Հայաստանում «Բենֆիկայի» ակադեմիան կունենա մարզադաշտ և 6 ֆուտբոլային դաշտ

21.10.2026, 09:55
«Բենֆիկա» ակումբի ֆուտբոլային ակադեմիան Հայաստանում, որի բացումը նախատեսված է 2027 թ.-ի ամռանը, կունենա մարզադաշտ և 6 ֆուտբոլային դաշտ
Հայաստանում «Բենֆիկայի» ակադեմիան կունենա մարզադաշտ և 6  ֆուտբոլային դաշտ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. «Բենֆիկա» ակումբի ֆուտբոլային ակադեմիան Հայաստանում, որի բացումը նախատեսված է 2027 թ.-ի ամռանը, կունենա մարզադաշտ և 6 ֆուտբոլային դաշտ։

Ինչպես հաղորդվում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքում, «Benfica Academy Armenia» նախագիծն իրականացվում է «Football Investment Group»-ի հետ համատեղ։ Ակադեմիայի ենթակառուցվածքը թույլ կտա կազմակերպել 4-ից 17 տարեկան ավելի քան հազար երեխաների և պատանիների պատրաստությունը։

«Benfica Academy Armenia»-ի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը և նախագծի տնօրեն Արթուր Ազարյանն այցելել են Լիսաբոն, որտեղ ծանոթացել են պորտուգալական ակումբի աշխատանքային ծրագրին, որն ուղղված էր տեխնիկական վերապատրաստմանը, ինչպես նաև «Բենֆիկա»-ի մշակույթին ինտեգրվելուն։

Այցի ընթացքում նախագծի ներկայացուցիչները հանդիպել են ակումբի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ «Բենֆիկա»-ի տնային մարզադաշտ «Էշտադիու դա Լուշ»-ում և «Adidas Benfica Campus»-ում։

Ապագա ակադեմիայի ծրագիրը նախատեսում է տարբեր մակարդակների ֆուտբոլիստների պատրաստում՝ սիրողական ֆուտբոլից մինչև մրցակցային թիմեր։

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպը» հայտարարում են «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում 2027-2028 մրցաշրջանից Երևանում իր գործունեությունը կսկսի Sport Lisboa e Benfica պորտուգալական հանրաճանաչ ակումբի պաշտոնական ակադեմիան։
 Նախագիծը կյանքի կկոչվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում, որի մի հատվածը ՀՖՖ-ն երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ին՝ «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի իրականացման նպատակով։