4 հայ մարմնամարզիկներ դուրս են եկել Ռոտերդամում ընթացող 2026 թ.-ի ԱԱ եզրափակիչներ

19.10.2026, 11:30
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը Ռոտերդամում անցկացվում է հոկտեմբերի 17-ից 25-ը
4 հայ մարմնամարզիկներ դուրս են եկել  Ռոտերդամում  ընթացող 2026 թ.-ի ԱԱ եզրափակիչներ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի չորս մարմնամարզիկներ նվաճել են Ռոտերդամում ընթացող աշխարհի առաջնության առանձին վարժությունների եզրափակիչների ուղեգրեր, իսկ Համլետ Մանուկյանը նժույգթափերի վարժությունում ցույց է տվել լավագույն արդյունքը, հայտնում է  sportaran.com–ը։

Հոկտեմբերի 18-ին ավարտվել են տղամարդկանց որակավորման մրցումները, որոնց արդյունքներով յուրաքանչյուր վարժությունում որոշվել են եզրափակիչ փուլի ութ մասնակիցները։

Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում 14,633 միավոր արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը։

Հայ մարմնամարզիկները հատկապես հաջող են հանդես եկել նժույգթափերի վարժությունում, որտեղ Հայաստանի երկու ներկայացուցիչներ ընդգրկվել են լավագույն ութնյակում։

Համլետ Մանուկյանը դարձել է որակավորման փուլի հաղթող՝ իր ելույթի համար ստանալով 14,933 միավոր։ Այս արդյունքը հայ մարմնամարզիկին թույլ է տվել առաջին տեղով դուրս գալ եզրափակիչ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը վաստակել է 14,733 միավոր, զբաղեցրել չորրորդ տեղը և ապահովել իր մասնակցությունը եզրափակիչ փուլում։

Հայաստանի հավաքականի համար եզրափակիչի չորրորդ ուղեգիրը նվաճել է Արթուր Ավետիսյանը։ Օղակների վարժությունում հայ մարմնամարզիկը վաստակել է 14,233 միավոր։

Նժույգթափերի և օղակների վարժությունների մեդալները կխաղարկվեն հոկտեմբերի 24-ին, իսկ Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 25-ին։

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը Ռոտերդամում անցկացվում է հոկտեմբերի 17-ից 25-ը։