Հայ երկրպագուները բացատրություններ են պահանջում ՀՖՖ–ից հավաքականի անհաջող խաղի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երկրպագուների First Armenian Front շարժումը (FAF) մտադիր է երթ կազմակերպել դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենք` ՀՖՖ–ի նախագահից պահաջնելով բացատրություններ ազգային հավաքականի անհաջող խաղի կապակցությամբ, հաղորդում է armfootball–ը։
Հայաստանի հավաքականն ավարտեց իր համար ձախողված` Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության ընտրական փուլը` սեփական հարկի տակ կրելով խոշոր պարտություն ալբանացիներից։ Այսպիսով, Հայաստանը խմբում զբաղեցրեց վերջին տեղը` ութ խաղերի արդյունքում վաստակելով ընդամենը երկու միավոր։
«Հոկտեմբերի 16-ին FAF -ը ներկայացրեց 3 պահանջ (երկրպագուների 3 ցանկություն) ուղղված ՀՖՖ-ին՝ Հայաստանի հավաքականին վատագույն վիճակից դեպի լույսի կողմ տանող 3 քայլ: Հավաքականի մրցաշրջանի վերջին խաղից հետո մենք ակնկալում էինք ՀՖՖ-ի նախագահի ամփոփիչ ասուլիս՝ հավաքականի ելույթների վերաբերյալ, որտեղ կխոսվեր նաև մեր պահանջների մասին, սակայն, մինչ օրս չկա որևէ արձագանք», – նշվում է FAF–ի տարածած հայտարարության մեջ։
ՖԻՖԱ–ի վարկանիշում 20 տարվա ընթացքում Հայաստանը հայտնվել է ամենացածր հորիզոնականում>>
FAF–ի ակտիվիստները հայտարարում են, որ «մինչև նոյեմբերի 16-ը ՀՖՖ-ի կողմից պատասխան չլինելու դեպքում ՖԱՖ-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից կիրականացնի երկրպագուների երթ դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պատասխան իմանալու և տեր կանգնելու ներկայացված պահանջներին»։
«Ազգային հավաքականը պատկանում է մեզ բոլորիս: Նոյեմբերի 16-ին կոչ ենք անում բոլոր երկրպագուներին մասնակցել մեր երթին դեպի ՀՖՖ», – նշվում է հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդում էր armfootball–ը, FAF–ի հիմնական պահանջներն են հավաքական հրավիրել պրոֆեսիոնալ մասնագետ արտերկրից, հավաքական հրավիրել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր կկարողանան օգնել կազմակերպել արդյունավետ խաղ, մասնավորապես` Արտակ Դաշյանը, Մաուրո Գևգեոզյանը, Արթուր Եդիգարյանը, Դենիս Թումասյանը, ինչպես նաև իջեցնել ֆուտբոլային հանդիպումների տոմսերի գները, որոնք չեն համապատասխանում երկրում տիրող սոցիալական վիճակին։–0–