Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական միության ամենամյա կոնգրեսի (RSNA) շրջանակում Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնի գիտնականները ներկայացրել են զեկույց հոգեկան առողջության և էլեկտրոնային գաջեթների օգտագործման կապի մասին։ Գիտնականների խոսքերով, գաջեթների մշտական օգտագործումը հանգեցնում է լուրջ շեղումների երիտասարդների ուղեղում։
Վերլուծաբանների և գիտնականների տվյալներով, հետազոտության ընթացքում հարցված դեռահասների և մինչև 21 տարեկան երիտասարդների 46 տոկոսը չի կարողանում կյանքը պատկերացնել առանց սմարթֆոնի և այլ էլեկտրոնային գաջեթների, գրում է life.ru–ն։
Սեուլի համալսարանի նեյրոռադիոլոգները համոզված են, որ գաջեթների մշտական օգտագործումը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել նույն արդյունքի, ինչ որոշ տեսակի թմրանյութերի ներգործությունը։ Գիտնականները նշել են, որ ՄՌՏ–ի օգտագործմամբ անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեռահասների մոտ կարող է առաջանալ դեպրեսիա, տագնապ, անքնություն, ինչպես նաև խուճապային գրոհների դեպքեր։–0–