422.28
5.02
388.48
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական վերածնունդ. ХХ դար, իրադարձությունների օրացույց

10:00
25 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գրեթե բոլորը գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում իրադարձությունների օրացույցը։ Այն, նախևառաջ, տեղեկատվության շարք է, որը ներկայացված է ամիսներով։ Նման օրացույցն օգնում է չմոռանալ նշանակալի իրադարձությունների և առօրյայի կարևոր ամսաթվերի մասին։ Բայց չէ՞ որ կարելի է ընդլայնել շրջանակները, ամեն ինչ ներկայացնել երկրի մասշտաբներով և հետահայաց ճամփորդություն կատարել դեպի նախորդ տասնամյակներ, ցույց տալ Հայաստանի կյանքը ԽՍՀՄ–ի ժամանակաշրջանում, ինչպես է երկիրը զարգացել, ինչով է հպարտացել, ինչ է արարել։ Իհարկե, բոլոր իրադարձությունները չեն տեղավորվում այս օրացույցի նեղ շրջանակներում։ Սակայն «Հայկական վերածնունդ. XX դար» իրադարձությունների օրացույցում տեղ են գտել Հայաստանի պատմության առավել կարևոր փաստերը` հակիրճ նկարագրությամբ։

1920-1930. առաջին խորհրդային տասնամյակ

«Մենք մեր նոր աշխարհը կկառուցենք»

«Երկրորդ հանրապետության» առաջին տասնամյակ. պատմական հիմնական աղբյուրներում այսպես է կոչվում երիտասարդ խորհրդային հայկական հանրապետությունը, որն ընտրել է երկրի զարգացման նոր ուղի հետագա 70 տարիների համար։

1920թ.–ի նոյեմբերի 29–ին Հայաստանը դարձավ խորհրդային։ 1922թ.–ի հունվար–փետրվարին բանվորների, գյուղացիների, կարմիր բանակայինների, դեպուտատների սովետների 1-ին համագումարում հաստատվեց Հայկական ԽՍՀ–ի առաջին Սահմանադրությունը, ինչպես նաև հանրապետության նոր դրոշը, օրհներգն ու զինանշանը։ Զինանշանի հեղինակն էր հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Սա մեծագույն իրադարձություն էր մի երկրի համար, որը 500 տարի չուներ պետականություն։

советизация календарь

1920թ.–ին պետականացվում է Էջմիածնի Մատենադարանը, որի հիման վրա էլ ստեղծվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը։ Այն ձեռագրերի խոշորագույն պահոցներից է աշխարհում և հին հայկական ձեռագրերի ամենախոշոր պահոցը։ Այդ հավաքածուի ծագումը թվագրվում է V դարով և կապված է Մեսրոպ Մաշտոցի հետ (IV-V դարեր)։ 1929թ.–ի դեկտեմբերին Մատենադարանը հռչակվում է պետական սեփականություն և 1939թ.–ին Էջմիածնից տեղափոխվում է Երևան։

Մատենադարանի ֆոնդերը մշտապես համալրվում են։ Այնտեղ պահվում են ավելի քան 18 հազար հնագույն ձեռագրեր և ավելի քան 100 հազար հայերեն, եբրայերեն, լատիներեն, արաբերեն, հին ասորերեն, հունարեն, ճապոներեն, օսմաներեն, պարսկերեն, ռուսերեն և այլ լեզուներով գրված պատմական արխիվային փաստաթղթեր։

1920թ.–ի հունվարի 31–ին պաշտոնապես բացվում է Երևանի պետական համալսարանը (ավելի վաղ` Երևանի ժողովրդական համալսարան)։ Այն պետական է դարձել միայն 2 տարի անց` 1922թ.–ին։

1921թ.–ին Էջմիածնում հիմնադրվում է գիտական ինստիտուտ, որը 4 տարի անց դառնում է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտ։

Նույն տարում ստեղծվում է Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որը Հայաստանի խոշորագույն դրամատիկական թատրոնն է։

советизация календарь

1921թ.–ին հռչակավոր կոմպոզիտոր և լուսավորիչ Ռոմանոս Մելիքյանի աջակցությամբ հիմնադրվում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1923թ.–ից Կոնսերվատորիան դառնում է «аlma mater» տաղանդավոր հայ երաժիշտների մի քանի սերունդների համար, որոնց թվում են Վ. Աճեմյանը, Տ. Ալթունյանը, Ռ. Ամիրխանյանը, Ա. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը, Լ. Չաուշյանը, Տ. Մանսուրյանը, Է. Միրզոյանը, Ս. Նավասարդյանը, Հ. Պապյանը, Կ. Պետրոսյանը, Ա. Սաթյանը, Է. Թոփչյանը, Լ. Զաքարյանը և շատ ուրիշներ։

1925թ.–ի հունվարի 25–ին բեմադրվում է «Պեպո» ներկայացումը` դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի պիեսի հիման վրա։ Այն Խորհրդային Հայաստանում ներկայացված առաջին բեմադրությունն է։ Տասը տարի անց` 1935թ.–ին, հռչակավոր ռեժիսոր Համո Բեկնազարյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում (ստեղծվել է 1923թ.–ին) նկարահանում է «Պեպո» առաջին հայկական հնչուն գեղարվեստական ֆիլմը` Գ. Սունդուկյանի համանուն պիեսի մոտիվներով։

1925թ.–ին սկսվում է հայկական հեռուստատեսության պատմությունը, որը կապված է Հովհաննես Ադամյանի հետ, ով գունավոր հեռուստացույցի առաջին հայտնագործողներից է։ Նա առաջին անգամ հիմնավորել է էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը։ Ադամյանն իր հայտնագործությամբ երեք տարով առաջ է անցել մրցակիցներից։ Նման հեռուստահամակարգի օտարերկրյա նմանակը ներկայացվել է Մեծ Բրիտանիայում 1928թ.–ին։

1926թ.–ի նոյեմբերի 7–ին եթեր է դուրս գալիս «Հայաստանի ռադիո» առաջին ծրագիրը, իսկ արդեն 1927թ.–ի գարնանը ռադիոհաղորդումները սկսում են կանոնավոր հեռարձակվել։

1927թ.–ին Հայաստանում սկսվում է այն ժամանակ առաջին խոշորագույն հիդրոէլեկտրակայանի` Ձորագետ ՀԷԿ–ի շինարարությունը, որը շահագործման է հանձնվում 1932թ.–ին։ Ձորագետ ՀԷԿ–ի նախագծի և շինարարության հեղինակը, ինչպես նաև Հայաստանի էներգահամակարգի հիմնադիրն է տաղանդավոր ինժեներ Հովսեփ Տեր–Աստվածատրյանը։

советизация календарь

ХХ դարի 20–30–ականներին Խորհրդային Հայաստանում հիմնադրվում և վերաթողարկվում են մոտ 300 թերթեր, ամսագրեր և այլ պարբերականներ։

Արդեն 30–ականների սկզբներին Հայկական ԽՍՀ–ում գործում էին մոտ 40 գիտական և գիտաարտադրական հաստատություններ ու ինստիտուտներ։ Երևանի պետական համալսարանի առանձին ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են անասնաբուժական, գյուղատնտեսական, բժշկական, պոլիտեխնիկական, մանկավարժական ինստիտուտներն ու կոնսերվատորիան։

Առաջին տասնամյակի տարիները հիշարժան են նաև հայերի առաջին զանգվածային հայրենադարձությամբ, ովքեր Հայրենիք էին վերադառնում Թուրքիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից և ԽՍՀՄ այլ երկրներից։ 1921թ.–ից սկսած ընդհուպ մինչև Հայրենական պատերազմը Խորհրդային Միություն է տեղափոխվել մոտ 100 հազար հայ, ովքեր բնակություն են հաստատել հիմնականում Հայկական ԽՍՀ–ում։

1931-1940. կայացման տարիներ

1933թ.–ին հիմնադրվում է սինթետիկ կաուչիկի արտադրության «Նաիրիտ» գործարանը։ 1940թ.–ին գործարանը դառնում է քլորոպրենային կաուչիկի մենաշնորհային արտադրողը։ Մինչև 80–ականների վերջը ձեռնարկությունը զբաղեցրել է սինթետիկ կաուչիկի համաշխարհային շուկայի 10-12%–ը։

советизация календарь

1933թ.–ի հունվարը նշանավորվում է միանգամից երկու հիշարժան իրադարձություններով մշակութային ոլորտում. բացվում է Երևանի օպերայի և բալետի թատրոնը (1957թ.–ից` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն) և տեղի է ունենում հայկական դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պրեմիերան։

«Ալմաստ» օպերայի առաջին պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայում` Օպերայի և բալետի պետական թատրոնում 1930թ.–ի հունիսին, հեղինակի մահից հետո։ 1939թ.–ի հոկտեմբերին Մոսկվայում, հայկական արվեստի հոբելյանի շրջանակում, բեմադրվում է լիբրետոյի երկրորդ տարբերակը`Տիգրան Հախումյանի հեղինակությամբ։

1937թ.–ի հունիսին Երևանի Մանկական երկաթուղու նոր կայարանից ուղևորվում է առաջին երկաթուղային շարժակազմը` փոքրիկ ուղևորներով, ուղեկցորդներով և անգամ մեքենավարի օգնականով։ ԽՍՀՄ–ի մեծ պիոներական երկաթուղիների նման երևնյանը ևս «սպասարկում էին» երեխաները, որի նպատակն էր հետաքրքրել նրանց և ստեղծել գրագետ ռեզերվ` ապագայում մեծ երկաթուղային գծերում աշխատելու համար։

1938թ–ին Հայաստանում հիմնադրվում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը մեծ համբավ է ձեռք բերում գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի օրոք, ով Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատրոնի, կինոյի և երաժշտության ինստիտուտի շրջանավարտ էր։ Գրիգորյանը 50 տարի գլխավորում է թատրոնը։

1938թ.–ին կառուցվում է «Առաջին երևանյան օդանավակայանը»։ Նրա ժամանակակից անվանումն է «Էրեբունի» օդանավակայան, որի ճարտարապետական նախագիծն ավարտվում է ռեկորդային ժամկետներում։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Ռ. Հասրաթյանն ու կոնստրուկտոր Է. Թոսունյանը։

Օդանավակայանի շահագործման առաջին տարում` 1938թ.–ի հուլիսի 21–ին, իրականացվում է առաջին ուղևորային չվերթը Երևան–Թբիլիսի երթուղով։

Հետաքրքիր փաստ. 1938թ.–ին քաղաքացիական ավիացիայի հետ մեկտեղ օդանավակայանն օգտագործվում է նաև ռազմական օդաչուների կողմից։ Օդանավակայանը Կլեմենտ Վորոշիլովի անվան անդրկովկասյան ռազմական օկրուգի 4–րդ ավիացիոն էսկադրիլիայի բազան էր։

1940թ.–ին հիմնադրվում է Հայէլեկտրոմաշը։ Ձեռնարկությունը մասնագիտացած էր էլեկտրական շարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների ոլորտում։ «Հայէլեկտրոմաշ» գործարանը էլեկտրական մեքենաշինական խոշորագույն արտադրական միավորումներից էր, որը բազմաթիվ տարիների ընթացքում առաջատարն էր էլեկտրական շարժիչների, մինչև 100 ԿՎՏ հզորության գեներատորների և ուժային տրանսֆորմատորների արտադրության ոլորտում։

1941–1950. հանուն հաղթանակի ռազմաճակատում և թիկունքում

1941թ.–ի հունիսի 22–ին սկսվում է պատերազմը։ Խորհրդային Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ կամ մոբիլիզացվում է, կամ կամավորագրվում։ Շուրջ 500 հազար հայեր Հայաստանից և խորհրդային հանրապետություններից մեկնում են պաշտպանելու Հայրենիքը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին պետական մրցանակների են ներկայացվում ավելի քան 66000 հայեր։ Խորհրդային Միության Հերոսի կոչման է արժանանում 106 զինծառայող և սպա։

Երկու անգամ Հերոսի ոսկե աստղի են արժանացել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը։

советизация календарь

Հայկական ԽՍՀ–ն զբաղեցնում է պատվավոր առաջին տեղը ԽՍՀՄ–ում մինչպատերազմյան շրջանում բնակչության թվի նկատմամբ պատերազմի տարիներին Հերոսների թվի հարաբերակցությամբ։

Առաջին հայը, ով արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչմանը դեռ Ֆիննական պատերազմի տարիներին (1939–1940), մայոր Կարապետ Սիմոնյանն է (1918–1983)։

Հայրենական պատերազմի մասնակիցների շրջանում Խորհրդային Միության Հերոսի կոչմանն արժանացած առաջին հայը Լազար Չափչախյանն է (1911–1942), ով օդաչու էր, 38–րդ կործանիչ ավիացիոն գնդի էսկադրիլիայի կոմիսար, գումարտակի կոմիսար։

27 հայեր դարձան բոլոր երեք աստիճանների Փառքի շքանշանի ասպետներ, արժանացան բարձրագույն զինվորական սխրագործության կոչման։

ԽՍՀՄ–ում Երրորդ աստիճանի Փառքի առաջին շքանշանակիրն է Գեորգի Իսրայելյանը (1920–1989)։ Սերժանտը, սկզբում Կարմիր, իսկ հետո Խորհրդային բանակի շարքերում, անցել է ամբողջ պատերազմը։ Հայրենական պատերազմում հաղթել է` լինելով Փառքի շքանշանի ասպետ։

1943թ.–ին պատերազմի ամենաթեժ օրերին, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի հիման վրա, Երևանում հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահ է ընտրվում Հովսեփ Օրբելին։ Հետագայում բարձրագույն գիտական կազմակերպությունը` Գիտությունների ակադեմիան, որը կոչված էր կազմակերպել, իրականացնել և համակարգել գիտության տարբեր ոլորտներում ֆունդամենտալ և կիրառական հետազոտությունների գործընթացներն ու զարգացումը, վերափոխվեց` դառնալով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որի նախագահությունն ու ավելի քան հիսուն ստորաբաժանումների մեծ մասը տեղակայված են Երևանում, իսկ մնացած ստորաբաժանումները գործում են Գյումրիում, Սևանում, Գորիսում, Վանաձորում և Կապանում։

1941-1945 թվականներին Հայաստանում կառուցվում և սկսում է գործել ավելի քան 30 նոր խոշոր ձեռնարկություն, ավելի քան 110 միջին և փոքր արտադրամաս:

1946-ին հիմնադրվում է Բյուրականի աստղադիտարանը, որը նախաձեռնել էր ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Վիկտոր Համազասպի Համբարձումյանը, ով հետագայում դառնում է աստղադիտարանի անփոփոխ ​​տնօրենն ու նախագահը: 1998 թվականից Բյուրականի աստղադիտարանը կրում է ականավոր գիտնականի անունը:

советизация календарь

1949 թ.-ին ինտենսիվորեն իրականացվում է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադի կառուցման նախագիծը: Արդեն 1953-ին շահագործման է հանձնվում Գյումուշի (Արգել) ՀԷԿ-ը` 224 ՄՎտ, 1956-ին` Արզնիի ՀԷԿ-ը` 70,6 ՄՎտ, 1959-ին` Աթարբեկյանի (Հրազդան) ՀԷԿ-ը` 81,6 ՄՎտ: 1962թ.–ին ավարտվում է վեց ՀԷԿ-երից բաղկացած Սևան-Հրազդան կասկադի շինարարությունը, որը սկսվել էր 1949 թ.-ին:

1950 թվականին գործարկվում է Քանաքեռի ալյումինի գործարանը՝ Կանազը: 1980-ականների կեսերին այն դառնում է Խորհրդային ​​Միության և Եվրոպայի խոշորագույն գործարաններից մեկը, որը զբաղվում է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ:

50-ականների վերջին Հայաստանում ստեղծվում են ժամանակակից գիտության այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որն աշխատում էր ֆիզիկայի տարրական մասնիկների ոլորտում, Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտը և Ուղեղի կենսաքիմիայի ինստիտուտը:

1951-1960թթ. «Ազարյանական խաչը», հայկական հեռուստատեսության պատմությունը

50-ականները սերտորեն կապված են ականավոր մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի անվան հետ: Տասը տարի շարունակ, 1952 թվականից սկսած, նա տասնմեկ անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, օլիմպիական եռակի չեմպիոն, երկու անգամ ճանաչվել է ուժեղագույնը Եվրոպայում և չորս անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում: Նա 1953 թ.-ին Աառաջին անգամ Լենինգրադում օղակների վրա կատարում է հայտնի «Ազարյանական խաչը», ինչի շնորհիվ դառնում է աշխարհի ամենաուժեղ մարմնամարզիկը տասնամյակի ընթացքում:

1953 թվականին ավարտվում է լեգենդար «Երևանի կոնյակի գործարանի» շենքի շինարարությունը: Կոնյակի արտադրության ընդլայնումը թելադրված էր խիստ պահանջարկով. հայկական կոնյակը անհավանական տարածում էր գտել ԽՍՀՄ-ում:

Մասնագետ-կոնյակագործները պնդում են, որ հայկական կոնյակի իրական հաղթարշավը սկսվեց նոր գործարանի բացմամբ: Այս կապակցությամբ անհնար է չնշել Խորհրդային շրջանի հայկական կոնյակի պատմության ամենակարևոր մարդկանցից մեկի՝ տասնյակ կոնյակային կուպաժների և բույրերի ստեղծողի՝ Մարգար Սեդրակյանի անունը: Նա 20 տարի եղել է Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգը, արժանացել է Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչմանը, իսկ 1972 թվականից դարձել է «Համտեսի ասպետ» ամենահազվագյուտ տիտղոսի կրողը («Կամյու» ֆրանսիական կոնյակի տան բարձրագույն պարգևը):

советизация календарь

1953-ին գործարկվում են Քաջարանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները: ԽՍՀՄ-ի մոլիբդենի խտանյութի արտադրության մինչև 25% -ը բաժին էր ընկնում Հայաստանին:

1956 թ.-ին շահագործման է հանձնվում Երևանում առաջին երկաթուղային կայարանը: Շենքն ինքնին «խորհրդային ​​կլասիցիզմի» դարաշրջանի եզակի ճարտարապետական ​​հուշարձաններից է: Ի դեպ, 1959-ի հոկտեմբերին կայարանի հրապարակում տեղադրված Սասունցի Դավթի արձանի շնորհիվ կայարանը դառնում է Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր այցեքարտերից մեկը:

1956-ի հուլիսին հիմնադրվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ​​ինստիտուտը, որը խորհրդային ​​շրջանի առաջատար գիտահետազոտական ​​ինստիտուտներից մեկն է նորագույն տեխնոլոգիաների (ԷՀՄ և ԿԱՀ) նախագծման ոլորտում:

ԵրՄՄԳՀԻ-ն 1956-ից 1960 թ.–ը ղեկավարել է ականավոր գիտնական, ԽՍՀՄ ֆիզիկա–մաթեմատիկական գիտությունների ամենաերիտասարդ (21 տարեկան) դոկտոր, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը: 1957 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվում է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնը՝ այժմ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ: Ս. Մերգելյանը դառնում է ինստիտուտի առաջին տնօրենը:

1956 թվականի նոյեմբերի 29-ը կարելի է համարել հայկական հեռուստատեսության պատմության սկիզբը, երբ հանրապետական ​​հեռուստատեսային ստուդիայի առաջին ազդակներն արտացոլվեցին հայաստանցիների հեռուստաէկրաններին:

1957-ի ամռանը եթեր հեռարձակվեց «Հեռուստատեսային նորությունների» հայկական առաջին թողարկումը:

Արդեն 1957թ.-ի հոկտեմբերին, Ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները Մշակույթի նախարարությունից առանձնացնելու որոշման հիման վրա, ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից ստեղծվեց Ռադիոյի և հեռուստատեսության պրոֆիլային կոմիտեն, ակտիվացան առաջին հանրապետական հեռուստակենտրոնի կազմակերպմանն ուղղված աշխատանքները:

«Սապֆիր» գործարանը, որը հիմնադրվել է 1958 թվականին, զբաղվում էր արդյունաբերական քարերի աճեցմամբ և մշակմամբ, ադամանդի մշակմամբ, հաստոցաշինությամբ և մասնակցում էր ռազմամթերքի արտադրության գործընթացում: Գործարանը զբաղեցնում էր ավելի քան 15 հա տարածք, որտեղ տեղակայված էր ավելի քան 40 շենք ու շինություն: Այսօր արհեստական ​​շափյուղաները լայնորեն օգտագործվում են արդյունաբերության մեջ, մասնավորապես` էներգախնայող կամ էներգիայի այլընտրանքային տեխնոլոգիաներում:

1961 - 1970. hաղթանակների և համարձակ նախագծերի տասնամյակ

Հաղթանակներից ամենավառը Տիգրան Պետրոսյանի շախմատային թագն է: Պետրոսյանը հայ ականավոր շախմատիստ է, շախմատի աշխարհի իններորդ չեմպիոն (1963 - 1969 թթ.), միջազգային գրոսմայստեր, բազմաթիվ չեմպիոնական տիտղոսների և տարբեր մարզական կոչումների կրող:

Լինելով փիլիսոփայական գիտությունների թեկնածու և շախմատի հայտնի տեսաբան՝ Տ.Պետրոսյանն իր գործընկեր շախմատիստներից ստացել է «Երկաթե Տիգրան» մականունը նույնիսկ ամենավատ իրավիճակներում պարտությունից խուսափելու բացառիկ ունակության համար: Նա մասնակցել է ԽՍՀՄ վեց առաջնության՝ չկրելով որևէ պարտության, տասը Համաշխարհային շախմատային օլիմպիադաների՝ գրանցելով ռեկորդային արդյունք (79 հաղթանակ և 50 ոչ-ոքի՝ միայն մեկ պարտությամբ):

Տարբեր տարիների Տիգրան Պետրոսյանը զբաղեցրել է միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականները, զբաղեցրել է պատվավոր տեղեր լավագույն վեցյակում և ներառվել է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն շախմատիստների տասնյակում:

советизация календарь

1961 թ.-ի հետ կապված է երկրի գլխավոր օդային դարպասի՝ «Զվարթնոց» օդանավակայանի ստեղծման պատմությունը, որը սկսվել է առաջին տերմինալի կառուցմամբ։ 1970 թվականին օդանավակայանի շենքը վերակառուցվում է, և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր ներկայիս տեսքը ստանում է 1980 թվականին:

1965-ին Երևանում կառուցվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը` 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Հուշահամալիր ստեղծելու գաղափարի մասին հայտարարվում է 1965 թվականին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին: Որպես շինհրապարակ ընտրվում է Ծիծեռնակաբերդի բլուրը: 1965թ.-ի մարտին հայտարարվում է մրցույթ, որի համար ներկայացվում է 78 աշխատանք, միայն 4-ն են հասնում եզրափակիչ:

Դրանցից ընտրվում է ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նախագիծը: Հեղինակների գաղափարով՝ հուշահամալիրը պետք է դառնար անմեղ զոհերի հիշատակի վայր, միևնույն ժամանակ պատվիրան լիներ ցեղասպանությունը վերապրածների համար, ինչպես նաև դառնար կենտրոն, որտեղ կփաստագրվեն և կհրապարակվեն Հայոց ցեղասպանության պատմության փաստերը: Հուշահամալիրի շինարարությունը հիմնականում ավարտվում է երկու տարվա ընթացքում, չնայած դրա որոշ տարրեր կառուցվում են մինչև 1990-ականների կեսերը:

1966-ին գործարկվում է Երևանի ավտոմոբիլային գործարանը: Իսկ 1987 թվականին գրանցվում են առաջին ռեկորդային ցուցանիշները՝ տարեկան արտադրված 16,111 ավտոմեքենա:

1967-ին գործարկվում է Երևանի ճոպանուղին, որը Նորքի սարահարթը կապում է քաղաքի կենտրոնի հետ:

Այս ինժեներական կառույցը հնարավորություն տվեց ցամաքային տրանսպորտի համեմատ ավելի քան 5 անգամ կրճատել դեպի սարահարթ գնալու տևողությունը: Ճոպանուղին ունի երկու կայարան, մեկը Նալբանդյան և Չարենց փողոցների խաչմերուկում, մյուսը՝ Նորքի սարահարթում: Կայարանների միջև հեռավորությունը 540 մ է՝ 109 մետր բարձրության տարբերությամբ: (Ներկայումս չի գործում):

1967 թ.-ին, Ծաղկաձորում, Մեխիկոյում 1968թ.-ին կայացած ամառային օլիմպիական խաղերի նախաշեմին, կառուցվում է ԽՍՀՄ Համամիութենական գլխավոր օլիմպիական բազան, որի բազմաթիվ մարզական օբյեկտներում մարզվում էին խորհրդային և օտարերկրյա մարզիկներ, ինչպես նաև ԽՍՀՄ և աշխարհի այլ երկրների ազգային հավաքականներ պատրաստվում էին տարբեր օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների: 1972-ին Թեղենիս լեռան լանջերին եռաստիճան ճոպանուղու շինարարության ավարտից հետո Ծաղկաձորը, բացի զբոսաշրջայինից, դառնում է նաև սիրված լեռնադահուկային հանգստավայր:

1968 թ.-ին, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակի բացառիկ օրվա կապակցությամբ, Արին-Բերդ բլուրում, որտեղ իրականացվել էին Ուրարտական ​​թագավորության ժամանակաշրջանի հնագույն ամրոցի գիտական ​​պեղումներ, բացվում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանը: Նույն `1968թ.-ին, այցելուների առջև իր դռներն է բացու0574 «Սարդարապատի» ​​հուշահամալիրը:

советизация календарь

Խորհրդանշական է, որ դրանցից մեկը (Էրեբունի ամրոցը) Հայաստանի ժամանակակից մայրաքաղաքի ելակետն է, իսկ երկրորդը` ճարտարապետական ​​համալիր, որը վեր է խոյանում Սարդարապատի ճակատամարտի վայրում և հավերժացնում է հայկական զորամիավորումների և ժողովրդական աշխարհազորայինների կողմից թուրքական բանակի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակը:

1969թ.-ին Ծաղկաձորում գործարկվում է առաջին 6 կմ երկարությամբ ճոպանուղին, որը դառնում է սովետական ժամանակներում հայտնի հանգստավայրի տուրիստական տեսարժան վայրերից մեկը: Այժմ այն օգտագործվում է որպես թանգարանային նմուշ՝ բաց երկնքի տակ: Վերջին տարիներին Ծաղկաձորում կառուցվել են 5 նոր գծեր: Մեկ ժամում դրանցից կարող է օգտվել 1000 մարդ: Լանջերի ընդհանուր երկարությունը 30 հազ մետր է: Ներքևի կետը` 1966 մ: Վերին կետը՝ 2819 մետր: Բարձրության տատանումը՝ 850 մետր:

Հայաստանում 1970թ.-ի դեկտեմբերին գործարկվում է Որոտանի կասկադ ՀԷԿ-ի «առաջնեկը»՝ Տաթև ՀԷԿ-ը (ԽՍՀՄ-ում ամենաբարձր ճնշում ունեցող ՀԷԿ–ը): Դրա կառուցումը տևել է գրեթե տասը տարի: 1978թ.-ին շահագործման է հանձնվում Շամբի հիդրոէլեկտրակայանը, իսկ 1989-ին` Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը: Որոտանի կասկադը, որը բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից, բացառիկ կարևորություն ուներ Հայաստանի էներգահամակարգի համար ոչ միայն այն պատճառով, որ նշանակալի մասնաբաժին ուներ հանրապետության էներգահամակարգում, այև նրանով, որ ուներ էներգագեներացման շուրջօրյա կարգավորման հնարավորություն երկու ջրամբարների շնորհիվ։

1971-1980. «զարգացած սոցիալիզմի» փուլ

70-ականներից, գունավոր մետաղագործության հետ մեկտեղ, Հայաստանում սկսում են ստեղծվել սև մետաղագործության ձեռնարկություններ: Զարգանում է ոսկերչությունը, մեքենաշինությունը, որը մասնագիտանում էր հաստոցաշինության և ավտոմատացման համար անհրաժեշտ գործիքների արտադրության մեջ:

Աճում է գործարանների թիվը, որոնք արտադրում էին ներտաշիչ, ֆրեզերային հղկման, մետաղահատ, քարամշակման և այլ հաստոցներ, կոմպրեսորներ ու պոմպեր, մամլիչներ, ժամացույցներ, ճշգրիտ գործիքների համար նախատեսված քարեր, արհեստական ​​կորունդ, գործիքների համար նախատեսված արհեստական ​​ալմաստներ, ոսկերչական իրեր:

1974թ.-ին, մասնավորապես, Սոթքի և Ամուլսարի հանքավայրերի հիման վրա վրա ստեղծվում է «Հայ ոսկի» միավորումը:

70-ականները հիշվել են որպես հայկական ֆուտբոլի պատմության ամենավառ հաղթարշավի ժամանակներ: 1973թ.-ի հոկտեմբերին Երևանի «Արարատին» հաջողվում է մեկ մրցաշրջանում նվաճել ինչպես ԽՍՀՄ գավաթը, այնպես էլ ԽՍՀՄ առաջնությունը: Սա ազգային և համամիութենական մասշտաբի հաղթանակ էր, քանի որ «Արարատից» առաջ «ոսկե դուբլի» հեղինակ էին դարձել խորհրդային ֆուտբոլի պատմության միայն 5 ամենահայտնի ակումբները` Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն», «Տորպեդոն», ԲԿՄԱ–ն և Կիևի «Դինամոն»:

Այս առիթով ամբողջ Հայաստանում կազմակերպվում են համաժողովրդական ​​տոնակատարություններ և տոնախմբություններ, իսկ ուրախության ոչ պակաս առիթ էր մեկ այլ կարևոր փաստ, որն ուղիղ կապված էր լեգենդար հարձակվող Նիկիտա Սիմոնյանի անվան հետ, ով 1972թ.-ի վերջից գլխավորում էր «Արարատը»` որպես թիմի գլխավոր մարզիչ: 1973թ.-ի «ոսկե դուբլն» ինքնատիպ ռևանշ դարձավ 1954թ.-ի համար, երբ «Սպարտակ» (Երևան) անվանումը կրող հայկական թիմը հասավ ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ և վճռորոշ եզրափակիչ խաղում 2: 1 հաշվով զիջեց Կիևի «Դինամոյին»:

Ուղիղ 19 տարի անց Երևանի «Արարատի» և Կիևի «Դինամոյի» թիմերը կրկին հանդիպեցին ԽՍՀՄ Մեծ գավաթի եզրափակչում, իսկ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո ցուցատախտակի վրա նույն թվերն էին՝ 2:1, բայց այս անգամ հօգուտ հայ մարզիկների: Ուշագրավ փաստ. 1971-1973 թվականներին մեր «Արարատը» երեք անգամ դարձել է Մոսկվայի ոչ պաշտոնական չեմպիոն ՝ անընդմեջ հաղթելով մոսկովյան բոլոր թիմերին իրենց իսկ խաղադաշտերում: Այս արդյունքներն իսկապես բացառիկ են, քանի որ ոչ ոք երբևէ չի կարողացել կրկնել դրանք:

1977թ.-ին շահագործման է հանձնվում Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ), որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: ՀԱԷԿ-ն ապահովում է կայուն էներգետիկ ռեսուրս` ներմուծվող միջուկային վառելիքի փոքր ծավալով: (1980թ.-ի հունվարին Հայաստանում շահագործման հանձնվեց ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը): Առաջին էներգաբլոկի գործարկումից անցել է ընդամենը 4 տարի, բայց նույնիսկ այս փոքր ժամանակահատվածը բավարար էր ԱԷԿ-ի շահագործումն իր ամբողջ նախագծային հզորությանը հասցնելու համար: Ատոմակայանի շենքերի և շինությունների համալիրը կառուցվել և հանձնվել է միջուկային գիտնականներին 1969-1977 թվականներին:

советизация календарь

1977-ին ավարտվում է Երևանի հեռուստաաշտարակի կառուցումը: Նախատեսվում էր, որ այն փոխարինելու է հին` 180 մետրանոց հեռուստաաշտարակը՝ կրկնապատկելով ընդունիչ հզորությունը: Նախագծի հեղինակներն էին Իսահակ Զատուլովսկին, Անատոլի Պերելմուտերը, Մարկ Գրինբերգը, Յուրի Շևերնիցկին և Բորիս Բուտը: Շինարարությունն ավարտելու պահին Երևանի հեռուստաաշտարակը դառնում է Հայաստանի և Անդրկովկասի ամենաբարձր կառույցը, ինչպես նաև ԽՍՀՄ-ում իր բարձրությամբ 4-րդ հեռուստաաշտարակը (Օստանկինոյից, Կիևյանից և Լենինգրադյանից հետո):

1981-1991. վերջին տասնամյակ

Երևանում մետրո է հայտնվում: 1981թ.–ի մարտի 7–ին շահագործման է հանձնվում «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» , «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ» և «Սասունցի Դավիթ» անցումներով և կայարաններով առաջին գիծը: 1983-1989թթ.-ին աստիճանաբար բացվում են ևս 4 կայարաններ՝ «Գործարանային», «Շենգավիթ», «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Զորավար Անդրանիկ»: «Շենգավիթ» կայարանի հետ միաժամանակ բացվում է նաև «Չարբախ» կայարանը:

1981թ.-ին կառուցվում է 48-կիլոմետրանոց Արփա-Սևան թունելը, որի միջոցով Արփա գետի ջրերը տեղափոխվում են Սևանա լիճ: Ջրանցքի շինարարությունը տևեց 20 տարի: Այս շինության շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել լճից ջրի բացթողումն ու փրկել Հայաստանի ազգային հարստություններից մեկը:

1981 թ.-ին Երևանում հայտնվում է հայտնի «Կուկուրուզնիկը». մոդեռն ոճի բազմահարկ ժամանակակից ճարտարապետական ​​համալիր, որը նախագծել են այդ ժամանակ հայտնի ճարտարապետներ և կոնստրուկտորներ Գ. Պողոսյանը, Ա. Թարխանյանը, Գ. Գևորգյանը, Գ. Ծատուրյանը և այլք: Այն ուներ հարսանյաց սրահ, որն ավելի ճիշտ կլիներ անվանել Պալատ. լավ սարքավորված կինոթատրոն և համերգասրահ, սրճարան՝ պտտվող հատակով, համայնապատկերային պատուհաններով և 14-րդ հարկում գտնվող հյուրանոցով, որից բացվում էր 360 աստիճանի տեսարան: «Կուկուռուզնիկը», որին այդքան նման էր շինության գլանաձև աշտարակը, մնաց բազմաթիվ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հիշողության մեջ, որն այդ ժամանակ Երևանի խորհրդանիշներից մեկն էր:

1983թ.-ին Երևանում բացվում է Մարզահամերգային համալիրը՝ Երևանի ամենագեղեցիկ համերգային համալիրներից մեկը: Համալիրի վերջնական վերակառուցումն ավարտվում է 1987թ.-ի վերջին: 1999թ.-ին, ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով մահանում է ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, համալիրն անվանակոչվում է նրա անունով:

советизация календарь

Համալիրը նախագծել են մի խումբ հայ ճարտարապետներ ՝ Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Գ. Պողոսյանը և Գ. Մուշեղյանը: Շինարարությունն իրականացվել է Ի. Ծատուրյանի, Ա. Ազիզյանի և Մ. Ահարոնյանի ղեկավարությամբ:

1990թ.-ին մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհահռչակ Յան Գիլանի համերգը, ով «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերայի օրիգինալ տարբերակում կատարում էր Հիսուսի դերերգը։ 1996թ.-ին համալիրում անցկացվում է Շախմատի 32-րդ օլիմպիադան:

80-ականների վերջին Երևանում հիմնադրվում է «Մարս» գործարանը, որը արդյունաբերական հաստոցաշինության և մեքենաշինական էլեկտրոնիկայի ու էլեկտրական շարժիչների արտադրությամբ զբաղվող հսկա գործարան էր (ք. Երևան): Գործարանի ստեղծմանը մասնակցել են եվրոպական առաջատար ընկերություններ:

Ձեռնարկությունը հագեցած էր սարքավորումներով, որոնք թույլ են տալիս մշակել և արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք և տարբեր ոչ ստանդարտ սարքավորումներ: Նախատեսվում էր, որ գործարանը պետք է դառնար հրահանգասարքերի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ձեռնարկություններից մեկն աշխարհում: Ձեռնարկության պաշտպանական նշանակության արտադրանքը տպագրական տպատախտակների փոքրածավալ արտադրությունն է`բարձր աստիճանի ճշգրտությամբ և բարդությամբ:

1991թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվում է հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետականություն սահմանելու վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցում է ընտրողների 95% -ը, իսկ քվեարկողների 99% ը սատարում է Խորհրդային Միությունից Հայաստանի անջատմանը:

1991 թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Իսկ 1991թ.-ի հոկտեմբերի 16-ին անցկացվում են Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում նախագահ է ընտրվում Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Գագիկ Հարությունյանն ընտրվում է փոխնախագահ:

1991թ.-ի դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ-ն դադարում է գոյություն ունենալ, փոխարենը ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ):

1991թ.-ի դեկտեմբերի 21-ին Հայաստանում 11 նախկին միութենական հանրապետությունները ստորագրում են ԱՊՀ կազմի մեջ ներառվելու համաձայնագիր:

советизация календарь

Վերջաբան

ԽՍՀՄ կազմում իր գոյության ժամանակահատվածում, բնակչության մեկ շնչի հաշվով գիտնականների թվաքանակով Խորհրդային Հայաստանը գերազանցում էր բոլոր մյուս հանրապետություններին: Բարձր տեխնոլոգիական սարքավորումների և միկրոէլեկտրոնիկայի միջոցների արտադրության մոտ մեկ երրորդը, որոնք օգտագործվել են պաշտպանական և տիեզերական ոլորտներում, բաժին է ընկել Հայաստանին: Հայկական ԽՍՀ-ում մշակվել են բարձր հզորությամբ և արտադրողականությամբ սովետական ամենաառաջին համակարգչային համակարգերն ու մաթեմատիկական հաշվիչ մեքենաները: Տասնյակ հազարավոր բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ աշխատել են հանրապետական ​​գիտահետազոտական ​​ինստիտուտներում:

Ի դեպ, Հայկական ԽՍՀ տարածքը կազմում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքի ընդամենը 0,13%-ը, իսկ բնակչությունը՝ ԽՍՀՄ բնակչության 1,1%-ը: Բայց նրա տեսակարար կշիռն արդյունաբերական արտադրանքի 15 տեսակներում կազմում էր համամիութենական արտադրության 5-35%-ը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց