Հակոբ Հակոբյանը մտադիր է երկու «դաստիարակչական բնույթի» ֆիլմ նկարահանել
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը մոտ ապագայում երկու ֆիլմ կնկարահանի, գրում է «Չորրորդ իշխանությունը»։
«Դրանցից մեկը նվիրված կլինի քառօրյա պատերազմին, իսկ մյուսը կլինի կոռուպցիայի մասին ու «մի տեսակ դաստիարակչական բնույթ կունենա»», – գրում է թերթը։
«Այս օրերին, երբ բոլորը խոսում են գոտիները ձգելու և զուր տեղը ավելորդ միջոցներ չվատնելու մասին, հայկական սինեմատոգրաֆի մեծ երախտավորն իզուր է միաժամանակ երկու տարբեր ֆիլմեր նկարում։ Կարելի է համատեղել այդ երկու թեմաները և բավարարվել մի ֆիլմով», – գրում են հոդվածի հեղինակները։
Հոդվածի հեղինակներն անգամ նշում են նման ֆիլմի սցենարի սեփական տարբերակը:
«Կոռումպացված չինովնիկը պատահաբար հայտնվում է ռազմական գործողությունների կիզակետում, իսկ այնտեղ, պարզվում է, զինվորները փամփուշտ չունեն, որովհետև ինքը փոշիացրել է պետական միջոցները։ Զինվորները նրան տփում են և հետ ուղարկում։ Սա վերադառնում է Երևան, դառնորեն զղջում, վերադաստիարակվում, պետությանը վերադարձնում թալանածը ու կես ժամ անց հեռուստացույցով տեղեկանում, որ հայկական զորքերը հենց նոր թափ–թազա զենքերով մտան Գյանջա։ Միայն թե՝ չարժե ֆիլմի վերջում գրել «հիմնված է իրական փաստերի վրա»»,–գրում է թերթը։–0–

