ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունը Հայաստանի կառավարության նոր կազմում կպահպանի իր երեք պորտֆելները, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագրում նշված չեն պաշտոնները (ղեկավար մարմնի կառուցվածքում):
«Պայմանավորվածություն կար պորտֆելների թվի շուրջ, որի համաձայն, Դաշնակցության մեր երեք գործընկերները նախարարական պորտֆելներ կստանան, և մենք պահպանում ենք և կպահպանենք այդ պայմանավորվածությունը: Իսկ մնացացծը` ով և որ պաշտոնը կզբաղեցնի, համբերությամբ զինվեք` կիմանաք», - հայտարարեց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Արծվիկ Մինասյանի հնարավոր հեռացման հետ կապված փոփոխությունները կապված չեն այդ պաշտոնին նրա աշխատանքից դժգոհ լինելու հետ:
«Ուղղակի նոր վարչապետ կա, ով կառավարություն է ձևավորում: Նոր մոտեցումներ, նոր գործիքներ են կիրառվում, քննարկվում է, թե ով որ պաշտոնին ավելի օգտակար կլինի: Բարձր գնահատելով Արծվիկ Մինասյանի գործունեությունը` նա, հնարավոր է` այլ պաշտոն ստանձնի», - ասաց Բաղդասարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ձևավորում է իրեն մոտ մարդկանց սեփական թիմը` Բաղդասարյանը նշեց, որ նրանց միջև ոչ պաշտոնական կամ ընկերական հարաբերություններ չկան, իսկ բոլոր թեկնածուները ՀՀԿ-ի թիմի մաս են:
Ինչ վերաբերում է կառավարության նոր անդամների կուսակցական պատկանելիությանը, Բաղդասարյանի խոսքով, ՀՀԿ-ն, հատկապես վերջին ժամանակներում, չի հիմնվում և չի հիմնվելու կուսակցական պատկանելիության վրա: «Մենք ավելի շուտ հաշվի ենք առնելու մարդու պրոֆեսիոնալիզմը, ընդ որում, կարևորություն ենք տալիս կառավարությունում պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը», - ասաց Բաղդասարյանը:
ՀՀ խորհրդարանը սեպտեմբերի 26-ին արտահերթ նիստում կքննարկի կառավարությունում կառուցվածքային փոփոխությունները:
Կառավարության որոշմամբ, մի շարք նախարարություններ և գերատեսչություններ կենթարկվեն լուրջ կառուցվածքային փոփոխությունների։ Մասնավորապես, չորս նախարարություններ կանվանափոխվեն։ Էկոնոմիկայի նախարարությունը կանվանափոխվի ՀՀ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարությունը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, իսկ Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե։ Կառավարոթյան կառուցվածքում նախատեսվում են նաև մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ։ --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում