Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2009-2016 թթ. ԿԳ նախարար Ա.Ա.-ն, մի խումբ անձանց հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է Բրյուսովի համալսարանին հատկացված՝ Երևան, Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451.1 քմ անշարժ գույքի ապօրինի օտարմանը։
Քննության համաձայն` գույքը, որի արժեքը կազմել է շուրջ 208.9 մլն դրամ, դուրս է բերվել ՀՀ սեփականության ֆոնդից և փոխանցվել բարձրաստիճան պաշտոնյայի ու փոխկապակցված անձի սեփականության տիրույթ։
Քննությամբ տվյալներ են ստացվել նաև, որ գույքի իրական պատկանելիությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն նախ ձևակերպվել է այլ անձի անունով, ապա 75 մլն դրամով ձեռք է բերվել Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի կողմից։
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ։
Ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար կայացվել են ձերբակալման որոշումներ։
Աշոտյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում։

