Բրիտանական «Imitating the dog» թատերախումբը Երևանում էքսպերիմենտալ բեմադրություն կներկայացնի

07.10.2010, 19:29
Բրիտանական «Imitating the dog» թատերախումբը Երևանում էքսպերիմենտալ բեմադրություն կներկայացնի

«Imitating the dog» բրիտանական թատերախումբը HighFest – 2010 8-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կներկայացնի «Hotel Methuselah» բեմադրությունը, տեղեկացրեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

«Ժամանակակից թատրոնի համար չի կարելի օգտագործել «էքսպերիմենտալ» բառը, սակայն սա տիպիկ էքսպերիմենտալ ներկայացում է, որտեղ բեմական դիզայնը մեծ նշանակություն ունի», - հինգշաբթի լրագրողներին ասաց Ղուկասյանը:

Փառատոնի նախագահի խոսքերով՝ բեմադրության բեմական դիզայներ Լորա Հոփքինսը նախորդ տարի փառատոնի շրջանակներում վարպետության դասընթաց է անցկացրել:

Ղուկասյանը նշեց, որ փառատոնին թատերախմբի մասնակցությունը հնարավոր է դարձել Բրիտանական խորհրդի ֆինանսական աջակցության շնորհիվ:

Նա ավելացրեց, որ բեմադրությունը նախատեսված է 14 տարեկանից բարձր անձանց համար:

Գլխավոր դերակատար Մորվեն Մաքբեթի խոսքերով՝ բեմադրությունն ունի սաունդրեք, որի կոմպոզիտորն է Նիլ Փոյնթը:

Նա նշեց, որ բեմադրության գաղափարի հեղինակը անգլիացի հայտնի թատերական ռեժիսոր Փիթ Բրուքսն է, ով այդ ժամանակ պատրաստվում էր հայրիկ դառնալ:

«Hotel Methuselah» բեմադրությունը ներկայացնում է պատմություն գիշերային դռնապան Հարիի սիրո և անձնական անկման դժոխքի մասին:

Բեմադրությունը կառուցված է ձայնա և տեսակ էֆեկտների և օրիգինալ դիզայնի հիման վրա: «Hotel Methuselah»-ն ժամանակակից ոգով ներկայացված պատմություն է, որն ուսումնասիրում է անհատի վախը մահից, սեքսուալությունից և երեխաներ ունենալու ահաբեկող պատասխանատվությունից:

Բացահայտելով պատասխանատվության խնդիրը՝ թատերախմբի դերասանուհի Աննա Ուիլսոնն ընդգծել է այդ հասկացության լայնությունը: Նրա խոսքերով՝ դա ոչ միայն պատասխանատվություն է երեխայի, այլև կյանքի ու երկրի առջև:

Այսօր թատերախմբի անդամները վարպետության դասընթաց են անցկացրել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար, որի շրջանակներում, Ուիլսոնի խոսքերով, տեղի է ունեցել քննարկում կինոլեզուն թատերաբեմ տեղափոխելու և պատմությունը վերապատմելու թեմայով:

«Imitating the dog» բրիտական թատերախումբը հիմնադրվել է 1998 թ.-ին Լիդս  քաղաքում (Անգլիա): Իր գործունեության ընթացքում նա բեմադրել է հինգ հզոր հյուրախաղային ներկայացում՝ «Hotel Methuselah», «Einmal ist Kenima (once is never)», «Guilty pleasures», «Five miles and Falling»:

Թատերախմբի հիմնական ֆինանսավորումն իրականացվում է Անգլիայի արվեստի խորհրդի կողմից: «Imitating the dog»-ը գործում է Նաֆիլդի թատրոնի և Լիդսի Մետրոպոլիտեն Ստուդիո թատրոնին կից:-0-