Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը, հնարավոր է, տեղափոխվի ահաբեկչության սպառնալիքի պատճառով. ԶԼՄ

07.09.2010, 10:30
Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը, հնարավոր է, տեղափոխվի ահաբեկչության սպառնալիքի պատճառով. ԶԼՄ

Թուրքիայում գտնվող Ախթամար կղզու վրա կառուցված Սուրբ Խաչ հայկական եկեղեցու պատարագի անցկացման օրը, հնարավոր է, անորոշ ժամկետով հետաձգվի՝ ահաբեկչական սպառնալիքի պատճառով, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ հղում անելով Թուրքիայում ունեցված աղբյուրներին:

Այդ տեղեկատվության համաձայն, թուրքական հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել ադրբեջանաթուրքական կազմակերպության՝ «Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարի միության» կողմից պատրաստված սադրանքի մասին:

Ինչպես հաղորդում է «Երկրամաս»-ը, թուրքական հատուկ ծառայություններին առանձնապես մտահոգել է այն փաստը, որ «սադրանքների» կազմակերպության մեջ  կարող են ներգրավված լինել թուրքական ազգայնականներին համակրող ոստիկանության և բանակի ներկայացուցիչները, որոնք  դեմ են հայկական եկեղեցում պատարագի անցկացմանը:

Սուրբ Խաչ եկեղեցում առաջիկայում անցկացվող  պատարագի դեմ բողոքի շարժումն օրեցօր ուժեղանում է: Թուրք ազգայնականները, ովքեր դեմ են խաչի տեղադրմանը եկեղեցու գմբեթին, կառավարությունից պահանջում են կանխել Հայաստանից և սփյուռքից եկող  ուխտագնացների ժամանումը: Հակահայկական արշավին են մասնակցում ոչ միայն մարգինալ կազմակերպությունները, այլ նաև լուրջ քաղաքական ուժեր:

Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:    

Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: --0—