Ղարաբաղի պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից պատերազմել է շուրջ 2 հազար ահաբեկիչ միջազգային ահաբեկչական կենտրոններից, «ԱՐ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ նման աջակցությունը, ինչպես նաև քանակական գերակայության մասին խոսակցությունները չփրկեցին Ադրբեջանին ջախջախումից:
«Խնդիրը ֆինանսավորումը չէ, այլ բանակի կազմակերպվածությունը և մարտունակությունը: Միշտ չէ, որ որոշիչը թվերն են լինում», - ասաց Քոչարյանը:
Բացի այդ, ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի բանակներն այս տարիների ընթացքում լուրջ առաջընթացի են հասել:
Քոչարյանը նաև անիմաստ է համարում Բաքվի այն հույսերը, որ համաշխարհային հանրությունը կարող է ետ շրջվել Հայաստանից:
«Ինչու՞ պետք է համաշխարհային հանրությունը ետ շրջվի Հայաստանից և ընկնի Ադրբեջանի գիրկը», - ասել է նա՝ հիշեցնելով, որ Եվոպայի խորհրդի անդամ հանդիսացող այդ երկրում գործում է իշխանության ժառանգաբար փոխանցման համակարգը:
Բացի այդ, Քոչարյանի խոսքերով, նավթը կարող է երջանիկ դարձնել միայն կազմակերպված և արդյունավետ երկրներին:
Այս կապակցությամբ նա նշել է, որ բնական պաշարների հարցում սահմանափակումներ ունեցող Հայաստանն ավելի կայուն հիմքեր է ստեղծում իր զարգացման համար՝ անկախ արտաքին պայմաններից և գոյություն ունեցող սահմանափակումներից:
«Կարծում եմ, որ եթե համաշխարհային հանրությունը ետ շրջվի ինչ-որ երկրից, ապա դա Հայաստանը չլինի, այլ ավելի շուտ՝ Ադրբեջանը», - նշել է Քոչարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-