Դաշնակցությունն անհրաժեշտ է համարում իշխանափոխությունը Հայաստանում

07.06.2010, 17:52
Դաշնակցությունն անհրաժեշտ է համարում իշխանափոխությունը Հայաստանում
Դաշնակցությունն անհրաժեշտ է համարում իշխանափոխությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Իշխանափոխությունն առաջնահերթ խնդիր է ՀՅԴ խմբակցության համար, հայտարարեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Մենք մեր առաջնահերթությունն ենք հռչակել Հայաստանի քաղաքականության ազգային ուղու վերականգնումը, սոցիալական արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Ներկայիս իշխանություններն ունակ չեն ապահովել այդ ամենը: Այդ իսկ պատճառով միակ ելքն իշխանափոխությունն է»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Ռուստամյանը:

Ըստ նրա՝ Դաշնակցությունն աննպատակահարմար է համարում իշխանափոխությունը հեղաշրջման կամ հեղափոխության միջոցով, քանի որ «այդ ձևն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում պետության համար, որը չլուծված խնդիր ունի հարևանի հետ»:

«Բայց, այնուամենայնիվ, մենք չենք բացառում արտահերթ ընտրությունների սցենարը, և որպես իրեն հարգող ցանկացած կուսակցություն՝ պատրաստ ենք դրան»,- նշեց կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ընտրական համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը, սակայն «եթե ընտրազանգվածն իմանա իր իրավունքները և վճռականությամբ լի փորձի դրանք կյանքի կոչել, որևէ կոռումպացված իշխանություն չի կարող դիմակայել դրան»: --0--