Հանրահայտ ջութակահար Էդվին Մարտոնը և գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն շոու կներկայացնեն Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ջութակահար և կոմպոզիտոր Էդվին Մարտոնը Երևան է ժամանել՝ օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի հետ «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» շոուին մասնակցելու համար։
«Ես առաջին անգամ եմ Երևանում, բայց լսել եմ Հայաստանի մասին, քանի որ այս երկիրը հայտնի է ողջ աշխարհում. այն աշխարհին բազմաթիվ հանճարներ է տվել՝ մարզիկներ, նկարիչներ... Ես շատ ուրախ եմ լինել հնագույն մշակույթ ունեցող այս երկրում»,- շաբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մարտոնը։
«Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» սառցե շոուն կանցկացվի Երևանում դեկտեմբերի 27-28-ին՝ հունգարացի կոմպոզիտոր Էդվին Մարտոնի, օլիմպիական չեմպիոն Եվգեմի Պլյուշչենկոյի և բազմաթիվ այլ արտիստների մասնակցությամբ։
Մարտոնի խոսքերով, «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» սառցե շոու ստեղծելու գաղափարն առաջացավ Օլիմպիադայից հետո, որտեղ Եվգենի Պլյուշչենկոն, ելույթ ունենալով Մարտոնի երաժշտության ներքո, ոսկե մեդալ նվաճեց։
«Երևանի շոուի ժամանակ ես նվագելու եմ Ստրադիվարիուսի ջութակով, որը բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ ստեղծվել է Անտոնիո Ստրադիվարիուսի կողմից 1697թ.-ին, այլ նաև այն պատճառով, որ 300 տարի առաջ այդ ջութակով նվագել է Նիկոլո Պագանինին»,- ասաց Մարտոնը։
Հայտնի ջութակահարը պատմեց, որ այդ ջութակով նվագելու իրավունք ստացավ, երբ հաղթեց Կանադայում ջութակահարների համաշխարհային մրցույթում։ «Այդ ժամանակ ես այդ ջութակով հինգ տարվա ընթացքում նվագելու իրավունք ստացա, բայց այնուհետև, քանի որ ես շարունակում էի նվաճել մրցանակներ և հաղթել մրցույթներում, շվեյցարական բանկը, որին պատկանում էր ջութակը, որոշեց, որ ես պետք է շարունակեմ նվագել դրանով»,- ասաց Մարտոնը։
«Ինձ համար բեմը և խաղը աշխատանք չէ, այլ հաճույք։ Ջութակ նվագելը հաճույք է»,- ասաց Մարտոնն, ավելացնելով, որ ամենակարևորն իր կյանքում նվագելն ու երաժշտություն գրելն է։
Ջութակահարը լրագրողներին պատմեց մի շվեդ աղջկա նամակի մասին, ով իրեն գրել էր, որ դպրոցից ստիպված էր անտառով վերադառնալ և շատ էր վախենում, քանի դեռ չէր սկսել ճանապարհին լսել նրա երաժշտությունը։
«Ինձ համար նման պատմությունները շատ կարևոր են, քանի որ ինձ ուժ և հավատ են ներշնչում այն երաժշտության հանդեպ, որը ես ստեղծում եմ»,- ասաց Մարտոնը։
Արտիստը նշեց նաև, որ հաճույքով է նվագում այդօրինակ շոուներում և շատ է սիրում մարզիկներին, հատկապես՝ գեղասահորդներին։
«Այդ շոուով ես ցանկացա ինչ-որ նոր բան ստեղծել, ստեղծել իմ երաժշտությունը՝ դասական և փոփ-երաժշտության միացումը, դա ռիթմ է, սեր և մեծ վարպետություն»,- ասաց Մարտոնը։
Մարտոնն ասաց նաև, որ ըստ Կենդանակերպի նշանի՝ Ջրհոս լինելով, շատ է սիրում ջուրը և հաճախ իր ստեղծագործությունները գրում է ջրի մոտ։ «Հնարավոր է, որ ես ինչ-ոչ բան գրեմ Սևանա լճի մոտ»,- հավելեց ջութակահարը։ -0-