Հայաստանում ստեղծվել է գյուղատնտեսության շուկայական տեղեկատվության համակարգ
Երևանում դեկտեմբերի 17-ին կկայանա գյուղատնտեսության առաջին շուկայական տեղեկատվության համակարգի շնորհանդեսը, որը ստեղծվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանի» ֆինանսավորմամբ։
Տեղեկատվության համաձայն, միջոցառման ժամանակ կներկայացվի շուկայական տեղեկատվության համակարգի կիրառման միջազգային փորձը։
Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը և այլ պետական այրեր, ֆերմերներ, գյուղատնտեսական ասոցիացիաների, բանկերի, արտադրողների ու վերամշակող ընկերությունների, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համակարգի շնորհանդեսի ժամանակ ելույթ կունենան «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանի» գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը և «Ջրից դեպի շուկա» ծրագրի ղեկավար պարոն Ռիչարդ Հարլբրինկը։
Հարլբրինկի խոսքերով, նման համակարգ ստեղծելու նպատակն է ֆերմերներին, սննդի արտադրության և մարկետինգի շղթայի մյուս մասնակիցներին ժամանակին ապահովել մրգերի և բանջարեղենների շուկայական գների մասին տեղեկությամբ:
Համակարգը, որը գործելու է ինտերնետի և բջջային հեռախոսի միջոցով, կարող է տրամադրել նաև տեղեկություն որակի, հետբերքահավաքային տեխնոլոգիաների, արդյունաբերական նորությունների և այլնի մասին: -0-