ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրը համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելն է. վարչապետ

ՀՀ կառավարության առջև ներկայումս համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու խնդիրն է ծառացած, չորեքշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«ՀՀ կառավարության՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին դիմակայել ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին։ Այսօր մեր առջև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նոր ալիքներին դիմակայելու խնդիր է դրված» ,- ասաց նա։
Սարգսյանի խոսքերով, Հայաստանում ճգնաժամը ներդրումների իրականացման կրճատման ու հետաձգման, ուղիղ մասնավոր տրանսֆերտների կրճատման, հումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցման, ինչպես նաև հումքի գների բարձրացման հանգեցրեց։ Շինարարության ոլորտում, վարչապետի խոսքերով, ճգնաժամը հանգեցրեց մի շարք ներդրումային նախագծերի իրականացման հետաձգման ու ներդրումների կրճատման։
Կառավարության նախագահը նկատեց, որ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում դեռ կարող է սպառման ծավալների կրճատման, վարկատուների մոտ բացասական սպասումների ձևավորման հանգեցնել։
«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ պայմաններում նոր վտանգ է ի հայտ գալիս. շուկայի մասնակիցները փորձում են ինքնուրույն հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, ինչը բերում է «ստվերի» աճի և կոռուպցիոն ռիսկերի մեծացման հնարավորության»- նկատեց նա։
Այդ պայմաններում, ինչպես հավաստեց վարչապետը, կառավարության ջանքերն ուղղված կլինեն մակրոտնտեսական և ֆինանսական հատվածի կայունության ապահովմանը, ծրագրված տնտեսական աճը խթանող մեխանիզմների հայտնաբերմանն ու ներդրմանը, ինչը կընդլայնի սպառումը, կխթանի տեղական արդյունաբերության զարգացումը, էապես կմեծացնի արտահանումը:
Խոսելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին՝ վարչապետը նշեց, որ այն արտահայտվում է ֆինանսական ակտիվների կտրուկ վատթարացմամբ, ֆինանսական հաստատությունների կապիտալացման մակարդակի և իրացման միջոցների կրճատմամբ, շուկայի մասնակիցների վստահության բացակայությամբ։
Կառավարության ղեկավարի խոսքերով, հայրուրավոր խոշորագույն ընկերությունների սնանկացումը աշխարհի զարգացած երկրներում, ֆինանսական շուկաների աշխատանքների խափանումը էապես փոխում է շուկայի սուբյեկտների վարքագիծը։
Ինչպես հավաստեց Սարգսյանը, ներկայումս արդեն ակնհայտ են համաշխարհային ճգնաժամի առաջին դասերը, որոնք վկայում են ֆինանսական հատվածի խիստ վերահսկողության և ռիսկերի հայտնաբերման մեխանիզմների մշակման, թափանցիկության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, այդ թվում նաև խոշոր ձեռնարկությունների գործունեության մեջ։ Նրա խոսքերով, անհրաժեշտ է նաև իրական և ֆինանսական հատվածներում ռիսկերի հայտնաբերման միասնական մեթոդաբանություն մշակել վերահսկող մարմինների միասնականության պայմաններում։ --0--