Մեդվեդևի ուղերձն ավելի մեծ նշանակություն ունի ղարաբաղյան հակամարտության լուծման համար, քան հռչակագրի ստորագրումը. քաղաքագետ

07.11.2008, 16:57
Մեդվեդևի ուղերձն ավելի մեծ նշանակություն ունի ղարաբաղյան հակամարտության լուծման համար, քան հռչակագրի ստորագրումը. քաղաքագետ

Մեդվեդևի ուղերձը Դաշնային Ժողովին ավելի մեծ նշանակություն ունի ղարաբաղյան հակամարտության լուծման համար, քան հռչակագրի ստորագրումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, գտնում է հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Ուղերձում նշված հարցերի թվում Մեդվեդևը նշեց նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Եվ դա Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան հռչակագրի ստորագրումը, որն, ըստ էության, կիսադատարկ փաստաթուղթ է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Շաքարյանցը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը նոյեմբերի 2-ին Պոդմոսկովյեի Մայնդորֆ ամրոցում եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրել են հռչակագիր։ Երեք պետությունների նախագահները պայմանավորվել են համատեղ աշխատել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարել են իրենց արտգործնախարարներին շարունակել աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Քաղաքագետի խոսքերով, շատ մեծ նշանակություն ունի Մեդվեդևի այն հարտարարությունը, որ Ռուսաստանը չի պատրաստվում նահանջել Կովկասում։

«Դա նշանակում է, որ Կովկասում այլևս չեն լինի անվերահսկելի գործընթացներ տարածաշրջան չմտնող երկրների կողմից։ Բայց դեռևս վաղ է խոսել, թե արդյո՞ք դա դրական կամ բացասական հետևանքներ կունենա դա Հայաստանի համար»,- նշեց Շաքարյանցը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-