Հայ-գերմանական բարեկամական կապերը ակտիվորեն զարգանում են. Ամենայն Հայոց Կաթողիկոս

22.10.2008, 19:10
Հայ-գերմանական բարեկամական կապերը ակտիվորեն զարգանում են. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Բարեկամական կապերը Հայաստանի և Գերմանիայի միջև զարգանում են ոչ միայն պետական, այլ նաև կրթական, մշակութային և այլ ասպարեզներում, ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը չորեքշաբթի Գերմանիայի Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վուլֆ Դեփենբրոքի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց ԵՊՀ-ի և Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի միջև այսօր կնքված համագործակցության պայմանագրի նշանակությունը։

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը ցանկություն հայտնեց, որ երկու համալսարանների միջև հաստատված ջերմ և գործնական հարաբերությունները «արդյունավորվեն բարի պտուղներով հատկապես երիտասարդ սերնդի կրթության հարցում»:

Վեհափառ Հայրապետը անդրադարձավ նաև Մայր Աթոռի և Հալե-Վիտտենբերգի Մարթին Լյութեր համալսարանի միջև առկա սերտ համագործակցությանը` հույս հայտնելով, որ դրանք հետայսու առավել կզորանան և կսերտանան:

Իր հերթին պրոֆեսոր Վուլֆ Դեփենբրոքը պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար, անդրադարձավ երկու համալսարանների միջև առկա սերտ համագործակցությանը և ապագա ծրագրերին: Պրոֆեսոր Վուլֆ Դեփենբրոքն ընդգծեց, որ սիրով է եկել Հայաստան և իր համար պատեհ առիթ է` մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես ընդգծեց  երկու կրթական հաստատությունների միջև համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։

Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը։ -0-