Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները մտահոգված են ղարաբաղյան խնդրի ներկայիս զարգացումով
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս զարգացմանը նվիրված կլոր սեղան տեղի ունեցավ ուրբաթ Երևանում։ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած քննարկումներին մասնակցեցին Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ։
«Քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը թելադրված է Ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս զարգացման վերաբերյալ պատերազմի մասնակիցների մտահոգությամբ՝»,- հայտարարեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Եղյանը։
«Հայաստանը կանգնած է արտաքին քաղաքական լուրջ խնդիրների առջև։ Հայաստան կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Անկարայում և Բաքվում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վերադարձնել, այսպես կոչված, «գրավյալ տարածքները»։ Եվ առայսօր հայկական կողմից պաշտոնական որևէ հերքում չի եղել»,- ասաց Եղյանը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքերով, վերահսկվող տարածքների վերադարձը «կնշանակի հրաժարվել Ղարաբաղից, իսկ այնուհետև՝ նաև Հայաստանից»։
Բացի այդ Շիրխանյանն ընդգծեց, որ Հայաստանը տանուլ է տալիս Ադրբեջանի և Թուրքիայի հետ քարոզչական պատերազմում։
«Ադրբեջանին հաջողվում է համոզել միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան ազատագրական պատերազմը ագրեսիա էր, իսկ մեզ չի հաջողվում նրանց հակառակը համոզել»,- ասաց նա։
Քննարկումների արդյունքում մասնակիցները ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ ուղղված Հայաստանի ժողովրդին և աշխարհի հանրությանը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ «ազատագրված տարածքները պատկանում են Հայաստանին, և հայ ժողովուրդը թույլ չի տա, որ դրանք սակարկության առարկայի վերածվեն միջպետական հարաբերություններում»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-

