Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը ձիերի և ամենագնացների կարիք ունի

04.09.2008, 16:47
Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը ձիերի և ամենագնացների կարիք ունի

Հայաստանի Տավուշի մարզում տեղակայված «Դիլիջան» ազգային պարկին անհրաժեշտ են ձիեր և ամենագնացներ, հայտնեց պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը։

«Ներկայում առկա են տեխնիկական բնույթի որոշ խնդիրներ, մասնավորապես, պահանջվում են ձիեր և ամենագնացներ դժվարանցանելի վայրերով անցնելու համար»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Դավթյանը։

Նրա խոսքերով, մնացած հարցերում «Դիլիջան» ազգային պարկը տեխնիկական առումով ապահովված է։ Նա հիշեցրեց, որ մոտ վեց տարի առաջ պարկը չուներ անհրաժեշտ տեխնիկական և տրանսպորտային միջոցներ, անտառային տնակներ անտառապահների գիշերակացի համար։

Դավթյանը հայտնեց, որ 2007թ.-ին շահագործման հանձնվեց պարկի շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված էր տեղեկատվական կենտրոնը, ինչպես նաև անտառապահի չորս տնակներ, որոնք զբոսաշրջիկների համար նույնպես կարող են որպես իջևանատեղ ծառայել։

«Դիլիջան» ազգային պարկը գտնվում  է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, Երևանից 110 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ շրջանը հայտնի է խիտ անտառներով, հանքային աղբյուրներով և հնագույն մենաստաններով։

Պարկի տարածքում ներկայացված է բույսերի 902 տեսակ, որոնցից 36-ը ընդգրկված են Կարմիր գրքում, սողունների 13 տեսակ, ցամաքաջրայինների 4 տեսակ, թռչունների 147 տեսակ և կաթնասունների 43 տեսակ։ Արգելանոցի մակերեսը կազմում է 33,7 հազար հա։ -0-