Երևանի քաղաքապետարանը դարձյալ ընդդիմությանը թույլ չի տվել հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և Մատենադարանի մոտ
Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է հայկական ընդդիմության՝ օգոստոսի 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանի շենքի մոտ հանրահավաքներ անցկացնելու, ինչպես նաև դրանց հաջորդող երթերի դիմումները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին մայրաքաղաքային ղեկավարության մամուլի ծառայությունից։
Ազատության հրապարակում և Մատենադարանի մոտ զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումները քաղաքապետարան են ներկայացվել օգոստոսի 11-ին արմատական ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի լիազոր անդամ Արտակ Զեյնալյանի կողմից։
Հայտերի քննարկման արդյունքում, քաղաքապետարանը մերժել է տվյալ տարածքներում հանրահավաքների ու երթերի անցկացումը՝ ընդդիմությանն առաջարկելով ակցիաներն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունայի հարևանությամբ կամ «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։
Հունիսի 20-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ընդդիմությունը երեք հանրահավաք է կազմակերպել Մատենադարանի մոտ, որոնք արտոնագրված չեն եղել քաղաքային իշխանությունների կողմից, սակայն ոստիկանությունը, ընդդիմության հետ ունեցած բանակցություններից հետո, չի խանգարել դրանց անցկացմանը։-0-

