Ավելի քան 20 երկիր կմասնակցի «Մշակութային երկխոսություն» երիտասարդական երրորդ փառատոնին

12.08.2008, 17:43
Ավելի քան 20 երկիր կմասնակցի «Մշակութային երկխոսություն» երիտասարդական երրորդ փառատոնին
Ավելի քան 20 երկիր կմասնակցի «Մշակութային երկխոսություն» երիտասարդական երրորդ փառատոնին

21 երկրի երիտասարդներ կմասնակցեն «Մշակութային երկխոսություն» երրորդ ամենամյա միջազգային փառատոնին, որը 2008 թ.-ի օգոստոսի 20-27-ը կանցկացվի Ծաղկաձոր հանգստավայրում, հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը։  

«Փառատոնի նպատակը ժամանակակից երիտասարդությանը տարբեր երկրների մշակութային ավանդույթների ու ազգային ապրելակերպի հետ ծանոթացնելն է՝ նպաստելով կապերի հաստատմանը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ փառատոնի մասնակիցների թիվն ամեն տարի ավելանում է, ինչը խոսում է այդ միջոցառման հանդեպ մեծ հետաքրքրության մասին։

Միջոցառմանը կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան երիտասարդներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ջավախքից (Վրաստանի հայաբնակ տարածք), ինչպես նաև հայկական սփյուռքից։

Փառատոնի կազմակերպիչներն են «Համահայկական միջազգային երիտասարդական հիմնադրամը» և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Անցյալ տարի «Մշակութային երկխոսություն» փառատոնն անցկացվում էր «Բոլորը տարբեր են, բոլորը հավասար» («All different, all equal») եվրոպական շարժման շրջանակներում, ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարությամբ --0--