Հայաստանը մտադիր է առավելագույն կարճ ժամկետներում լուրջ առաջընթաց գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. վարչապետ

Հայաստանը մտադիր է առավելագույն կարճ ժամկետներում լուրջ առաջընթաց և փոփոխություններ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Կոռուպցիան Հայաստանում ամենալուրջ խնդիրներից է, որը խոչընդոտում է երկրի բոլոր հասարակական զարգացումներին։ Համոզված եմ, որ եթե մենք կարողանանք միավորվել այս խնդիրների շուրջ, որոնք բարձրացրել է ՀՀ նախագահը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ապա մեզ մոտ լուրջ առաջընթացներ կգրանցվեն», - ասաց Սարգսյանը չորեքշաբթի՝ Երևանում բացված առաջին հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում։
Վարչապետը նշեց, որ անցումային երկրների փորձը վկայում է այդ երևույթի հաղթահարման հնարավորության մասին։
«Բնական է, որ մի ակնթարթում մենք չենք կարող իրագործել բոլոր այդ նպատակները և փոխել բոլորի վարքագիծը, այդ ամենի համար ժամանակ և թափանցիկ ու բաց քննարկումներ են անհրաժեշտ, որոնք կնպաստեն համապատասխան մթնոլորտի ստեղծմանը»,- ասաց Սարգսյանը։
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը մեկ օրվա ընթացքում չի կարող հասնել Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Նորվեգիայի կամ Շվեդիայի մակարդակին, սակայն Երևանի համար միանգամայն ընդունելի է Բուլղարիայի և Ռումինիայի փորձը, որոնք կարողացան շատ կարճ ժամանակահատվածում հաղթահարել այդ հոգեբանական պատնեշը։
«Մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն ծրագրի իրականացման երկրորդ փուլը կլինի հենց այդպես բեկումնային, երբ և հասարակությունը, և միջազգային կազմակերպությունները կկարողանան գնահատել Հայաստանի լուրջ տեղաշարժերը», - ասաց Սարգսյանը։
Նրա խոսքերով, ծրագրի իրականացման յուրահատկությունը կլինի այն, որ մոնիտորինգի բոլոր մեթոդները բաց կլինեն, իսկ հակակոռուպցիոն ծրագրի երկրորդ փուլի իրագործման մոնիտորինգը թափանցիկ կլինի։
«Դա հասարակությանը հնարավորություն կտա հետևել, թե որքանով են մեր խոսքն ու գործը համընկնում։ Մենք լի ենք կոռուպցիան հաղթահարելու վճռականությամբ, և միջազգային կառույցների աջակցությունը դրան միայն կնպաստի», - ասաց Սարգսյանը։
Միաժամանակ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է հակակոռուպցիոն ծրագրերը՝ ելնելով ոչ թե միջազգային պարտավորություններից, այլ տվյալ սոցիալական չարիքի լրջության խորը գիտակցումից, որը խոչընդոտում է երկրի ապագային։
«Մենք քննարկում ենք հակակոռուպցիոն ծրագիրը, քանի որ գիտակցում ենք այդ խնդրի առկայությունը և մենք կարող ենք լուծել այն. այսպիսին է Հայաստանի կառավարության սկզբունքային դիրքորոշումը, իսկ միջազգային կազմակերպություններն ընդամենը աջակցում են մեզ՝ դրա շուտափույթ իրականացման գործում», - ասաց Սարգսյանը։
Հայաստանի կառավարությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը այս տարվա հունիսի 26-ին քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրագործման ուղղությամբ միջոցառումների 2008-2012 թթ. ծրագրի նախագծին առնչվող հարցերը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների մոնիտորինգի ցուցանիշները։-0-