ՀՀ խորհրդարանում ընդդիմության իրավունքները մշտապես ընդլայնվելու են
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության իրավունքները մշտապես ընդլայնվելու են, հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
«Այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ն ընդունեց 1601-րդ բանաձևը, որի համաձայն հստակեցվեցին շուրջ 27 ուղղություններ, որոնցով պետք է իրականացվեն ժողովրդավարական երկրի խորհրդարանում ընդդիմության դերը մեծացնելու համար անհրաժեշտ աշխատանքները»,- ուրբաթ ասաց նա լրագրողներին՝ Երևանում։
Հարությունյանը լուրջ քայլ առաջ անվանեց ՀՀ ԱԺ-ում անցկացվող ընդդիմադիր ուժերի իրավունքների վերաբերյալ առաջարկների օրենսդրական փաթեթի քննարկումները։
Հունիսի 10-ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը։
«Մենք խորհրդարանականներին առաջարկեցինք «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի վերաբերյալ քննարկել հինգ կարևոր փոփոխություններ, սակայն, դա բավական չէ, և ես վստահ եմ, որ հետագայում նոր փոփոխություններ կմտցվեն»,- պարզաբանեց Հարությունյանը։
Այս կապակցությամբ, հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ մի շարք փոփոխություններ կապված են ոչ միայն օրենսդրական աշխատանքի, այլև Սահմանադրության հետագա բարեփոխումների հետ։ «Ընդդիմությանը պետք է տրամադրվի կարևոր իրավասություն՝ սահմանադրական օրենքները բողոքարկելու հնարավորություն»,- ասաց նա։
Միաժամանակ, Հարությունյանն ավելացրեց, որ այսօր պատգամավորների միայն մեկ հինգերորդ մասն իրավունք ունի օրենքները բողոքարկել Սահմանադրական դատարանում։ «Ես մտադիր եմ առաջ քաշել այն դրույթը, որպեսզի այդ իրավունքը հնարավոր լինի իրականացնել խմբակցությունների մակարդակով»,- ասաց նա։--0—