Հայաստանում աշխատանքի սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարությունը պատրաստ կլինի 2008թ. վերջին. նախարար

20.05.2008, 17:41
Հայաստանում աշխատանքի սոցիալական պաշտպանության ոլորտի  կայուն զարգացման ռազմավարությունը պատրաստ կլինի 2008թ. վերջին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքներ են տարվում՝ Աշխատանքի սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարությունը մշակելու համար, որը հանրության քննարկմանը կներկայացվի սույն թվականի վերջին, հաղորդեց նախարար Աղվան Վարդանյանը։

«Այսօր համապարփակ փաստաթղթի անհրաժեշտություն է զգացվում, որում ի մի կբերվեն և փոխադարձաբար կլրացվեն սոցիալական ոլորտի բոլոր ուղղությունները, առաջնային հարցերը և բաղադրիչները։ Դրանք պետք է լինեն միավորված և ներդաշնակ»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը լրագրողներին երեքշաբթի։

Նա ավելացրեց, որ փաստաթուղթը ներկայացվելու է կառավարության քննարկմանը 2009թ. առաջին եռամսյակում։

Նախարարի խոսքով, վերջին մի քանի տարիների ընթացքում երկրում իրականացվել են սոցիալական ոլորտի բարեփոխումներ, տարբեր ուղղվածությունների մի շարք խնդիրներ լուծում են ստացել։

Վարդանյանը տեղեկացրեց, որ Ռազմավարության մշակման համար արդեն ստեղծվել է 10 աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են գործունեության առանձին ուղղություններով, որոնց կազմում ընդգրկված են ոչ միայն նախարարության մասնագետները, այլև գիտական հաստատությունների ներկայացուցիչները, հասարակական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Երբ Ռազմավարությունը պատրաստ լինի և հաստատվի, բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ այս փաստաթղթի հետ և իրենց համար պարզել հանրապետությունում այս ոլորտում իրականացվող քաղաքականության հետևողականությունը և ուղղությունները»,- ասաց նա։

Միաժամանակ նախարարն ավելացրեց, որ նախարարության աշխատակիցները մշակում են նաև ժողովրդագրական քաղաքականության պետական հայեցակարգը։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրում հասունացել են բավականին լուրջ ժողովրդագրական խնդիրներ, որոնք պահանջում են մտածված և ծրագրային պետական քաղաքականություն»,- ընդգծեց Վարդանյանը։--0—