ՀՀ կառավարությունը մտադիր է վերջնականապես լուծել աղքատության խնդիրը

29.04.2008, 17:46
ՀՀ կառավարությունը մտադիր է վերջնականապես լուծել աղքատության խնդիրը
ՀՀ կառավարությունը մտադիր է վերջնականապես լուծել աղքատության խնդիրը

ՀՀ կառավարությունը մտադիր է վերջնականապես լուծել աղքատության խնդիրը, երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։

«Մենք պետք է վերջնականապես լուծենք աղքատության խնդիրը: Դրա լուծման ամենակարճ ճանապարհն աղքատ քաղաքացիներին տնտեսական և քաղաքացիական կյանքի ակտիվ մասնակից դարձնելն է»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, կառավարության ուշադրության կենտրոնում է մնալու նախորդ տարիներից եկող միջին կենսաթոշակի և միջին աշխատավարձի միջև եղած խզումը, որը հանգեցրել է աշխատող բնակչության և կենսաթոշակառուների (ներառյալ հաշմանդամների) կենսամակարդակի մեծ տարբերության:

«Կառավարությունը հետզհետե բարձրացնելու է կենսաթոշակը և այն 1.5 անգամ բարձր է լինելու աղքատության շեմից: Դրան զուգահեռ, կառավարությունը շարունակելու է աշխատանքները բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ` ներառյալ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ պետք է  բարձրացնել բյուջեի վերաբաշխման արդյունավետությունը` նպատակ ունենալով նվազեցնել սոցիալական բևեռվածությունը:

Կառավարության ղեկավարի կարծիքով, Ընտանեկան նպաստների համակարգը վերաիմաստավորվելու և վերահասցեագրվելու կարիք ունի, որպեսզի համակարգում ընդգրկվեն իսկապես կարիքավորները, իսկ նպաստառու քաղաքացին իրեն նվաստացած և ընկճված չզգա:

«Հասարակական համերաշխությունն ապահովելու համար անհրաժեշտ է փոխել ունևոր խավի կենցաղավարությունը: Աղքատության հիմնախնդիր ունեցող երկրում հարստության, շքեղության, ուժի ցուցադրումն   անհարիր է քրիստոնյա հայ մարդուն»,- նշեց վարչապետը:--0—