Հայ-ռուսական գործարար համաժողով տեղի կունենա Հայաստանում՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը

22.04.2008, 11:46
Հայ-ռուսական գործարար համաժողով տեղի կունենա Հայաստանում՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը
Հայ-ռուսական գործարար համաժողով տեղի կունենա Հայաստանում՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը

Հայ-ռուսական գործարար համաժողով տեղի կունենա Երևանում և Ծաղկաձորում՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը, տեղեկացվում է «Զարուբեժ-էքսպո» ռուսական ընկերության պաշտոնական կայքում։

Տեղեկատվության համաձայն, համաժողովի շրջանակներում ծրագրվում է անցկացնել «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցություն» խորագրով խորհրդաժողով, «Ռուսաստան և Հայաստան. էներգետիկ համագործակցության հեռանկարներ» խորագրով կլոր սեղան, ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության, հանքարդյունաբերության, քիմիական և նավթավերամշակման արդյունաբերության բնագավառում համագործակցությանը, Հայաստանում զբոսաշրջության և Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացման հնարավորություններին առնչվող հարցեր։

Ակնկալվում է, որ գործարար համաժողովին հայկական կողմից կմասնակցի երկրի բարձրագույն ղեկավարությունը, առևտրի և տնտեսական զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության նախարարները, կրթության և գիտության, առողջապահության փոխնախարարները, Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության նախագահը, ինչպես նաև հանրապետության գործարար շրջանակների ներկայացուցիչները և ՌԱՕ ԵԷՍ-Հայաստանի, ՎՏԲ Բանկի (Հայաստան), «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «ԱրմենՏել» ՓԲԸ և այլ ընկերությունների ղեկավարները։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր Ռուսաստանի միջազգային գիտական և մշակութային համագործակցության կենտրոնի (Ռոսզառուբեժցենտր) հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևը, ծրագրվում է, որ ռուսական կողմից միջոցառման կմասնակցեն Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության և «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունների ռուսական խմբի փոխնախագահները, ինչպես նաև Էներգետիկայի նախարարության և «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ ներկայացուցիչները։ 

«Գործարար համաժողովին կմասնակցեն նաև տարբեր ոլորտների ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պոլիմերների արդյունաբերության, առողջապահության, ավիասարքավորումների պատրաստման, ալմաստի արդյունահանման բնագավառների ներկայացուցիչները», - պարզաբանեց նա։

Գործարար համաժողովի կազմակերպիչներն են «Մուլտի-գրուպ» հայկական կոնցեռնը, «Զարուբեժ-էքսպո» ԲԲԸ-ն, Ռոսզառուբեժցենտրը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։ «Զարուբեժ-էքսպո» ընկերությունից տեղեկացրեցին նաև, որ համաժողովի ժամանակ կորոշվի Հայաստանում ընթացիկ տարվա հոկտեմբերին ծրագրված «Expo-Russia» առաջին արդյունաբերական ցուցահանդեսի անցկացման ամսաթիվը։-0-