Հայաստանում մշակվել է երիտասարդական պետական քաղաքականության հնգամյա ռազմավարություն

01.04.2008, 18:28
Հայաստանում մշակվել է երիտասարդական պետական քաղաքականության հնգամյա ռազմավարություն
Հայաստանում մշակվել է երիտասարդական պետական քաղաքականության հնգամյա ռազմավարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ. ռազմավարությունը, տեղեկացրեցին նախարարության մամուլի ծառայությունից։

«Մշակված ռազմավարության խնդիրներն են հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը, երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանումը, ինչպես նաև երիտասարդական պետական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի բարձրացումը», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ փաստաթղթում մեծ տեղ է հատկացված երիտասարդության սոցիալական հիմնահարցերին, մասնավորապես նախատեսվում է պետական բնակարանաշինական ծրագրի մշակում, իրականացում, և հիպոթեքային վարկերի ցածր տոկոսադրույքով ու երկարաժամկետ տրամադրում:

Փաստաթղթի մշակման համար հիմք են ծառայել Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները։

«Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական մյուս ծրագրերին։ Միաժամանակ այն սահմանում է 2008-2012 թվականների ՀՀ կառավարության գործողությունների գերակայությունները երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ռազմավարության նախագիծն ուղարկվել է շահագրգիռ բոլոր նախարարություններին, ՀՀ վարչապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամներին, հասարակական կազմակերպություններին:

Բացի դրանից, փաստաթուղթը տեղադրված է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում։Մշակումից հետո՝ նախագիծը կուղարկվի կառավարության հաստատմանը։-0-