Հայաստանում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 59 անձի
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալու և սահմադրական կարգի խախտման փաստով քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 59 անձի:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նախաքննությամբ արդեն իսկ կատարվել է մեծածավալ աշխատանք և ձեռք բերված ապացույցների արդյունքում պարզվել են զանգվածային անկարգություններ հրահրած, կազմակերպած առանցքային գործող անձանց ինքնությունը, մեթոդոլոգիան, բացահայտվել են մի շարք կառույցներ, որոնց միջոցով կազմակերպվել, համակարգվել են երկրի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն ուղղված գործողությունների իրականացումը:
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ Ազատության հրապարակում կազմակեպված զանգվածային միջոցառումների մասնակիցների վկայությամբ, կազմակերպիչների կողմից բնակչության մասնակցությունը խրախուսվել է նյութապես:
Մասնավորապես, Տռուզյանի խոսքերով, Ազատության հրապարակում գիշերը մնալու համար անձին վճարվել է 5-10 հազար դրամ (16-32 դոլար), ապահովվել՝ սնունդով և խմիչքով։
Ավելին, նրանց տրամադրվել են նաև մետաղյա ձողեր, բենզին՝ 20 լիտրանոց տարաների մեջ, ինչպես նաև դյուրավառ կապույտ գույնի մի քիչ պինդ հեղուկ՝ շշալցված:
Յուրաքանչյուր մարզ, տարածք ունեցել է իր պատասխանատուն, ով հոգացել է անհրաժեշտ բոլոր ծախսերը։
«Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Հրազդանի և նրա հարակից տարածքների բնակիչների՝ Ազատությանեհրապարակում ներկայությունն ապահովելու համար անհրաժեշտ գումարային հատկացումները կատարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը, իսկ հավաքագրմամբ զբաղվել է վերջինիս համախոհ ոմն Գոռ», - տեղեկացրեց Տռուզյանը։
Նրա խոսքերով, հանրահավաքների անմիջական մասնակից, Ծաղկաձորի բնակիչ Արմեն Ալեքսանյանի վկայությամբ, Օպերայի բակում գտնվելով, նա հասկացել է, որ Հրազդանից և նրա շրջակա գյուղերից եկած ժողովրդին պահում և կերակրում էր Սասուն Միքայելյանը: Նա էր ֆինանսավորում Բարեղամյանին, որն էլ Գոռի միջոցով գիշերը մնալու համար հրազդանցիներին, մոտակա գյուղերի բնակիչներին վճարում էր 5 հազար դրամ (16 դոլար):
«Վկայությունների համաձայն՝ Միքայելյանը երկրի ապակայունությանը միտված՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպվող զանգվածային միջոցառումների մասնակիցներին ֆինանսավորելուց բացի, նաև հստակ հրահանգներ է տվել իշխանությունն ամեն գնով զավթելու մասին», - տեղեկացրեց Տռուզյանը։ Նա ավելացրեց, որ Բարեղամյանը և Գոռը արդեն ձերբակալված են։
Տռուզյանի խոսքերով, նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև 2008 թվականի մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության Գուգարքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարատ Մանուկյանին դաժան ծեծի ենթարկածներից մեկի ինքնությունը:
Նախաքննության տվյալներով՝ փոխգնդապետի ծեծին ակտիվ մասնակցություն է ունեցել ոստիկանության նախկին աշխատակից Քրիստափոր Էլազյանը, ում. առաջադրվել է մեղադրանք և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:
«Այժմ ձեռնարկվում են քննչական-օպերպատիվ միջոցառումներ ինչպես փոխգնդապետ Մանուկյանի ծեծին անմիջական մասնակցություն ունեցած մյուս անձանց, այնպես էլ զանգվածային անկարգությունների մնացած մասնակիցներին, կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ», - տեղեկացրեց Տռուզյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մարտի 8-ի դրությամբ՝ զանգվածային անկարգությունների ժամանակ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել 180 ոստիկան, զինծառայող և 48 քաղաքացի։ Տուժված անձանց քանակը ճշտվում է։-0-